ՆԳՆ-ից  հաստատեցին՝ Գեղարքունիքի մարզում ձերբակալված ձկնորսներ կան
Իրավունք
10:50 20/12/2023
Հայաստան

ՆԳՆ-ից հաստատեցին՝ Գեղարքունիքի մարզում ձերբակալված ձկնորսներ կան

«Հրապարակ»-ն այսօր գրել էր, որ նախորդ օրը գիշերը մի քանի գյուղերի ձկնորսներ հավաքվել են Նորատուս գյուղում և պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել՝ փակելով Երևան-Սևան մայրուղին: Նրանք դժգոհում են, որ սիգի ձվադրման շրջանում իրնեց թույլ չի տրվում որս իրականացնել Սևանա լճում։ Ըստ օրաթերթի տվյալների, արդեն 3 օր այնտեղ հերթապահում են ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները՝ ձկնորսների և ջրային պարեկների միջև բախումները կանխելու համար, վերջիններս այսօր վաղ առավոտյան Նորատուսից  դուրս եկողներին բերման են ենթարկել, որոնց թիվը հասնում է 30-ի։

Panorama.am-ը պարզաբանում ստանալու համար դիմեց Գեղարքունիքի մարզպետարանի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանին։ Վերջինս հայտնեց, որ նախորդ օրերին հիվանդ է եղել, այսօր առավոտյան է աշխատանքի եկել և տեղեկացված չէ ձկնորսների բողոքից։

Նորատուսի վարչական ղեկավար  Անդրանիկ Գրիգորյանը  չպատասխանեց հեռախոսազանգերին։

Ոստիկանության գործողությունների  վերաբերյալ պարզաբանում ստանալու համար Panorama.am-ը դիմեց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանին։

«Այս պահի դրությամբ կան ձերբակալվածներ՝ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով։

Ձերբակալությունները տեղի են ունեցել Գեղարքունիքի մարզում։  Բոլոր բերման ենթարկվածները ներկայացվել են նախաքննական մարմին»,-հայտնեց Սարգսյանը։
 

Placeholder
ՆԳՆ-ից հաստատեցին՝ Գեղարքունիքի մարզում ձերբակալված ձկնորսներ կան