Բռնագաղթած 1800 ուսանող բուհերում են սովորում,1100-ը՝ քոլեջներում. Ժաննա Անդրեասյան
Կրթություն, գիտություն
13:26 21/12/2023
Հայաստան

Բռնագաղթած 1800 ուսանող բուհերում են սովորում,1100-ը՝ քոլեջներում. Ժաննա Անդրեասյան

«Կա ուսանողների 2 խումբ, որոնց ուսման վարձի ֆինանսավորումը եկել էր կա՛մ իրենց ընտանիքների կողմից, որոնք այժմ հայտնի պատճառներով զրկված են այս աջակցությունը ցուցաբերելու հնարավորությունից, կա՛մ նրանց վճարումը կատարվել էր ԼՂ-ի իշխանությունների կողմից, և այժմ նույնպես այդ ֆինանսավորման աղբյուրը հնարավոր չէ շարունակել»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով չզեկուցվող հարցերի փաթեթում ընդգրկված ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձերի փոխհատուցումը կարգավորող որոշումը:

Նախարարի խոսքով՝ երկու խմբի ուսանողների համար էլ կայացվել է որոշում, քանի որ նրանց համար կրթության իրավունքի վերականգնման խնդիր չկա, նրանք Հայաստանի ուսումնական հաստատությունների ուսանողներ են եղել, և շարունակում են լինել:

«Բայց ունեինք ֆինանսական աջակցության կոնկրետ խնդիր: Ընդունված երկու նախագծերից մեկով կարգն է հաստատվում, մյուսով միջոցներ են վերաբաշխվում:
Շուրջ 935 ուսանողի մասին է  խոսքը, որոնցից 860-ը բուհական կրթության, հետբուհական կրթության համակարգից են, 75 ուսանողը՝ ՄԿՈՒ համակարգից, որոնց մասին տեղեկատվություն է հավաքվել»,-ասաց Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ ընդունված որոշումներով փոխհատուցվում է առաջին կիսամյակի ուսման վարձը՝ մոտ 264 միլիոն դրամի չափով, և գումարը նվիրաբերության պայմանագրերով կհատկացվի համապատասխան ուսումնական հաստատություններին, որտեղ նրանք սովորում են։

ԿԳՄՍ նախարարը հավելեց, որ  որոշման շահառուները հոկտեմբերին ընդունված որոշման նախագծից դուրս մնացածներն են:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք ԼՂ-ից բռնի տեղահանվածները շարունակում են  ուսումը Հայաստանում,  ինչին ի պատասխան՝ նախարարը տեղեկացրեց, որ ավելի քան 1800 ուսանող արդեն բուհերում են սովորում, իսկ ավելի քան 1100-ը՝ քոլեջներում և ուսումնարաններում:

 

Placeholder