Ադրբեջանի կողմից էթնիկ զտումներից մազապուրծ հայի մասին վավերագրական ֆիլմը հայտնվել է «Օսկարի» կարճ ցուցակում
Մշակույթ
15:23 22/12/2023
Աշխարհ

Ադրբեջանի կողմից էթնիկ զտումներից մազապուրծ հայի մասին վավերագրական ֆիլմը հայտնվել է «Օսկարի» կարճ ցուցակում

1980-ականներին Ադրբեջանում հետապնդումների ենթարկված հայի մասին պատմող «Վերանորոգման վերջին արհեստանոցը» (The Last Repair Shop) ֆիլմն ընդգրկվել է «Օսկար» 96-րդ մրցանակաբաշխության «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգի կարճ ցուցակում, որը հրապարակված է Ամերիկյան կինոակադեմիայի կայքում։

Ֆիլմի ռեժիսորներն են «Օսկարի» առաջադրված Բեն Փրուդֆութը և Քրիս Բաուերսը:
Ֆիլմի գործողությունները ծավալվում են Լոս Անջելեսում։ Այն պատմում է քաղաքի կենտրոնում գտնվող պահեստի մասին, որտեղ մի քանի նվիրյալ վարպետներ լավ վիճակում են պահում ավելի քան 80,000 ուսանողական երաժշտական գործիքներ:

«Վերանորոգման վերջին արհեստանոցը» ֆիլմի չորս հերոսներից մեկը հայ Սթիվ Բաղրամյանն է, ով 1980-ականների վերջին Ադրբեջանում ենթարկվել է էթնիկ զտումների։

«Ես իմացա, որ Սթիվը՝ ֆիլմի գլխավոր պատմողներից մեկը, անձամբ լարել է դպրոցի դաշնամուրները, որոնք ես նվագել եմ, երբ ես ուսանող էի», - ասում է Բաուերսը:

Հիշեցնենք, որ «Օսկարի» միջազգային խաղարկային 15 ֆիլմերի ցուցակում է նաև Հայաստանը ներկայացնող ռեժիսոր Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը։ 

«Օսկար»-ի մրցանակաբաշխության անվանակարգերը կհայտարարվեն՝ 2024թ. հունվարի 23-ին, իսկ «Օսկար»-ի արարողությունը տեղի կունենա 2024թ. մարտի 10-ին, Dolby թատրոնի Ovation Hollywood-ում և կհեռարձակվի ABC ուղիղ եթերով:
 

Placeholder