Հերթական այլանդակ հանցանքը երեխայի նկատմամբ. Հանցանք կատարած բոլոր անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության արագ
Իրավունք
10:15 23/12/2023
Հայաստան

Հերթական այլանդակ հանցանքը երեխայի նկատմամբ. Հանցանք կատարած բոլոր անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության արագ

Իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանը, արձագանքելով Արմավիրի մարզում տեղի ունեցած մանկապղծության դեպքին, գրում է.

«Վարդան Ղուկասյանի տելեգրամյան ալիքը տեսանյութ է տարածել, որում առկա է մանկական պոռնոգրաֆիա: Այդ նյութից ակնհայտ է, որ ոմն Աբո (լուսանկարում պատկերված և ըստ տեսանյութում գրառման՝ Արմավիրի մարզից) իր թոռնուհու տարիքի երեխայի նկատմամբ առերևույթ կատարել է առնվազն 2 հանցագործություն՝


1) ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մաս՝ Մանկական պոռնոգրաֆիա ստեղծելը, տարածելը, մատչելի դարձնելը, տնօրինելը, համակարգչային համակարգում, համակարգչային ցանցում կամ համակարգչային այլ սարքավորումների վրա կամ ցանկացած այլ եղանակով մանկական պոռնոգրաֆիա պահպանելը,
2) ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդված՝ Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ, սակայն այս արարքը կարող է վերաորակվել ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի՝ Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, քանի որ դեռ պետք է պարզվի երեխայի հետ առաջին հարաբերության ներգրավման մեխանիզմը, դատահոգեբանական փորձաքննության արդյունքները և այլ հանգամանքներ:

Այստեղ կարևորվում է այն, որ երեխայի մայրը և տատը գիտեին այդ հանցավոր դրվագների մասին, սակայն ոչինչ չեն ձեռնարկել երեխային պաշտպանելու համար, և միայն 4-րդ, թե 5-րդ դեպքից հետո՝ մայրն Աբոյին վռնդել է տնից….

Մոր և տատու առնչությամբ պետք է քննարկել հետևյալ հանցագործությունների առկայությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 247-րդ հոդված՝ Երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը (երեխայի առողջության վատթարացումը պետք է դիտարկել նրա հոգեբանական և սեռական առողջությունը), ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 473-րդ հոդված՝ Հանցագործության մասին չհայտնելը կամ ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդված՝ Հանցանք կատարած անձին աջակցելը:

Բացի այդ, քանի որ տեսանյութը տարածվել է տելեգրամյան ալիքով, ապա տարածողի արարքում նույնպես առկա է առերևույթ հանցագործություն՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Մանկական պոռնոգրաֆիա տարածելը, համակարգչում, համակարգչային համակարգում, համակարգչային ցանցում կամ համակարգչային այլ սարքավորումների վրա կամ ցանկացած այլ եղանակով մանկական պոռնոգրաֆիա պահպանելը:

Հ.Գ. Հուսամ այս երեխայի նկատմամբ հանցանք կատարած բոլոր անձինք, հատկապես լուսանկարում պատկերվածը, կենթարկվեն քրեական պատասխանատվության և հնարավորինս արագ»։

Placeholder