Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կարող ենք սպասել ևս 1, 10, 20 տարի, բայց ևս մեկ տարի կորցնե՞նք դրա վրա. Ավինյանը՝ «կարմիր գծերի» թանկացման մասին
«Վերցնում ենք քաղաքական պատասխանատվությունը՝ այդ պատասխանավությունն ու բեռն էլ մեր ուսերին կրելով»,-Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղիների վճարի բարձրացման նախագիծը քննարկելու ժամանակ։
Նա նշեց, որ հեշտ է քննադատել բոլոր տեսակի տեղական տուրքերի, վճարների նախագծերը, բայց համակարգային փոփոխությունները որոշակի քաղաքական պատասխանատվություն են ենթադրում, որոշակի դժվար քայլերի, որոշումների գնալ է ենթադրում։
«Սա այդ դժվար որոշումներից մեկն է։ Իրականում, սա երևի թե ամենահեշտ որոշումներից մեկն է, որը քննարկել ենք խմբակցությունով, չնայած մեծ, լայն քննադատություն է եղել, բայց սա ընդհանուր համակարգի մի մասն է։ Կարող ենք սպասել ևս մեկ տարի, 10 տարի, 20 տարի, անընդհատ կարող ենք սպասել տարբեր արդարացումներով, բայց համակարգային փոփոխությունները իրար հետ կապված են, ևս մեկ տարի կորցնե՞նք դրա վրա»,- ասաց Ավինյանը։
Նա նշեց, որ քաղաքը պետք է հարմարավետ դարձնել քաղաքացու համար, ոչ թե մեքենաների։ Տ.Ավինյանի խոսքով, չնայած այս նախագիծը շատ է քննադատվել, բայց այն արդյունք կտա։
Նշենք, որ այս նախագծով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում ավտոկայանատեղիում կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160. 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ 24. 000 դրամ։