Իրանը պատասխան գործողություններով է սպառնում Իսրայելին
Քաղաքական
11:55 26/12/2023
Աշխարհ

Իրանը պատասխան գործողություններով է սպառնում Իսրայելին

Իրանը Իսրայելի գործողությունները համարում է ահաբեկչական գործողություն, որի արդյունքում Սիրիայում սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) խորհրդական Սեյյեդ Ռազի Մուսավին և իրեն իրավունք է վերապահում պատասխան գործողությունների դիմել։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ  այդ մասին Telegram ալիքում ասել է  Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Նասեր Քանանին։

Իրանական Tasnim պետական գործակալությունը երկուշաբթի օրը հաղորդել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խորհրդականը սպանվել է Սիրիայի Դամասկոսի արվարձաններում իսրայելական հրթիռային հարձակման հետևանքով: Դամասկոսում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին պարզաբանել է, որ Իսրայելը երեք հրթիռ է արձակել այն տան վրա, որտեղ ապրել է խորհրդականը։ ԻՀՊԿ-ն հաստատել է Մուսավիի մահը։

«Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին խստորեն դատապարտել է իսրայելական ռեժիմի ահաբեկչական գործողությունը, որը հանգեցրել է Դամասկոսի Զեյնաբիե բնակելի թաղամասում Իրանի հակաահաբեկչական խորհրդականներից գեներալ Սեյեդ Ռազի Մուսավիի նահատակությանը»,-ասված է Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Քանաանին Իսրայելի գործողություններն անվանել է «վախկոտ» և նշել, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում համապատասխան ժամին և վայրում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ գործողությանն ի պատասխան»։

Placeholder