Արցախից բռնի տեղահանված 17 հազար աշակերտներ սովորում են ՀՀ դպրոցներում
Կրթություն, գիտություն
18:25 27/12/2023
Հայաստան

Արցախից բռնի տեղահանված 17 հազար աշակերտներ սովորում են ՀՀ դպրոցներում

Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար  երեխաներ սովորում են ՀՀ դպրոցներում, որոնց համար ապահովվում են անհրաժեշտ դասագրքեր և գրենական պիտույքներ: Ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ 

«Բոլոր այն երեխաները, որոնք ունեն կրթության առանձնահատուկ պայմանների, հոգեբանների կարիք, մասնագիտական աջակցություն են ստանում»,- նշեց նա:

Նախարարի ներկայացմամբ, հաջորդ ուղղությունը ուսանողների կրթության ապահովումն է, և շատ արագ՝ հոկտեմբերի 12-ին, Կառավարության որոշմամբ հատատվեց կրթաթոշակի կարգը, որը հնարավորություն է տվել Լեռնային Ղարաբաղի բուհերում և քոլեջներում սովորող ուսանողներին իրենց կրթությունը շարունակել ՀՀ համապատասխան հաստատություններում և կրթաթոշակի միջոցով փոխհատուցել նաև նրանց ուսման վարձը:  Ավելի քան 1800 ուսանողներ իրենց կրթությունը շարունակում են ՀՀ բուհերում և ավելի քան 1000 ուսանողներ՝  քոլեջներում և ուսումնարաներում։

Ժ. Անդրեասյանն անդրադարձավ նաև ԼՂ այն ուսանողներին, որոնք սովորում էին ՀՀ  հաստատություններում. «Նրանց ուսման վարձը վճարվում էր կա՛մ ԼՂ իշխանությունների կողմից, կա՛մ իրենց ընտանիքների, որոնք նույնպես բռնի տեղահանվել են, և ֆինանսական աջակցության այդ հնարավորությունն այլևս չկա: Կառավարության վերջին նիստում ընդունված որոշումը վերաբերում էր այս խմբի ուսման վարձի փոխհատուցմանը. ծրագրի շահառու է դարձել ավելի քան 900 ուսանող: Արդեն իսկ  հրապարակվել է հաստատությունների ցանկը,  գումարները փոխանցված են բուհերին, քոլեջներին և ուսումնարաններին, որպեսզի այս ուսանողների ուսման վարձի համար փոխհատուցումներն արվեն: Այս աշխատանքները մենք շարունակելու ենք, որովհետև ընդունված որոշումը վերաբերում է 2023-2024 թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակին: Հաջորդ տարվա փոխհատուցման համար ևս համապատասխան միջոցներ են նախատեսված բյուջեում»:

Նա նաև հայտնեց, որ շուրջ 400 ուսուցիչներ` ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների 1/3–ը, արդեն աշխատում է ՀՀ կրթական համակարգում։ Նրանցից ավելի քան 200-ը գործուղվել են մարզեր, որոնց հատկացվում է աշխատավարձի 30 %-ի չափով հավելավճար: Որոշ մարզերում (Սյունիքում, Վայոց ձորում, ինչպես նաև Տավուշի, Գեղարքունիքի մի շարք համայնքներում) բացի հավելավճարից՝ գործուղված ուսուցիչները ստանում են նաև ամսական 50.000 դրամ հավելավճար՝ ի լրումն իրենց վարձատրության: 

Placeholder