Ինչու Վասակ Սյունին, Պետրոս Գետադարձ Կաթողիկոսը «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքում ներկայացված չեն իբրև դավաճաններ
Կրթություն, գիտություն
15:20 29/12/2023
Հայաստան

Ինչու Վասակ Սյունին, Պետրոս Գետադարձ Կաթողիկոսը «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքում ներկայացված չեն իբրև դավաճաններ

«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը համաձայն չէ այն դիտարկումներին, որ իր դասագրքում Ավարայրի ճակատամարտի հատվածը խեղաթյուրված է ներկայացված։

«Ես այս հատվածը ներկայացրել եմ գիտական, հատկապես վերջին շրջանի գիտական ձևակերպումներին համապատասխան։

Դասագրքիս մեջ Վասակ Սյունին, այո, չի ներկայացվել իբրև դավաճան, ինչպես նախկինում։  Ասեմ  ավելին՝ դասագրքում դավաճան չի ներկայացված նաև Պետրոս Գետադարձ Կաթողիկոսը։

Ինչու եմ այդպես վարվել. երբ որ պիտակավորում եք պատմական կերպարներին, փակում եք  պատմությունը հասկանալու ճանապարհը։  Ես այս ճանապարհով եմ գնացել և բոլորովին պատմությունը խեղաթյուրված չէ, ներկայացված է գիտական հիմքերի վրա»,- ասուլիսում ասաց Ս. Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցու հիմնադրման հատվածին, նա ասաց, որևէ դիտավորություն չկա, ձևակերպման խնդիր է, որն արդեն շտկել է։

«Ձևակերպումն  այնպես եմ տվել, որ Տրդատ 3-րդը 301 թվականին աշխարհում առաջինը Քրիստոնեությունը հռչակեց իբրև պետական կրոն և Հայ առաքելական եկեղեցու հաստատումն ու հիմնումը... Տվյալ դեպքում գրվել է հիմնվեց  Հայ Առաքելական եկեղեցին, նկատի եմ ունեցել պարզապես պետականության համատեքստում։ Քանի որ  տեքստը թյուրըմբռնումների և այլ մեկնաբանությունների տեղիք է տալիս, շտկել եմ այդ հատվածը։ Շտկված տարբերակով՝ պաշտոնապես հաստատվեց  Հայ Առաքելական եկեղեցին։ Իսկ այն, որ Հայ Առաքելական եկեղեցին կապված է Քրիստոսի հետ և մանավանդ Առաքելական անվանումով, 111 էջում մանրամասն տեղեկություն կա։ Այնքանով, որքանով կա»։

Placeholder