«Խաղաղության խաչմերուկը» ռազմատուգանք է Հայաստանի նկատմամբ. Դավիթ Անանյան
Քաղաքական
09:58 30/12/2023
Հայաստան

«Խաղաղության խաչմերուկը» ռազմատուգանք է Հայաստանի նկատմամբ. Դավիթ Անանյան

«Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ուղիների ապահովումը, որը ներկայացվում է որպես «խաղաղության» խաչմերուկ, կամ ճանապարհ, կամ օրակարագ, ըստ էության թուրքական աշխարհի կողմից Հայաստանին պարտադրված ռազմական տուգանք է»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ է հայտնել «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Դավիթ Անանյանը։

Նրա խոսքով, պատերազմում պարտված կողմին պարտադրել են այդպիսի ճանապարհներ, կամ պարտված կողմը, որպեսզի ունենա որոշակի օրակարգեր, ինքն է առաջարկել այդպիսի ճանապարհներ։

«Բովանդակության առումով դա քաղաքական պարտադրանք է ռազմատուգանքի ձևով».-ասել է Անանյանը։

Ինչ վերաբերում է «խաղաղության խաչմերուկ»-ի իրականացման հետևանքներին, ապա ըստ բանախոսի, այդ ծրագիրը նշանակում է, որ թուրքական աշխարհների միջև գտնվող Հայաստանը, որը որպես սեպ են նրանք ընկալում, մասնատվում է՝ մաղի տրամաբանությամբ։

«Այլևս սեպ չէ. դառնում է ոչինչ՝ սուբյեկտից վերածվելով օբյեկտի։ Հայաստանը դարձել է թատերաբեմ, որտեղ աշխարհի հզորները փնտրում են իրենց շահերը. օրինակ՝ մենք մեր քաղաքականությամբ հեշտացնում ենք Ռուսաստանի սիրախաղը թուրքական աշխարհի հետ»,-մանրամասնել է Անանյանը՝ ընդգծելով, որ չնայած ռազմավարական դաշնակից Ռուսաստանին ունենք բազմաթիվ հարցեր, այդուհանդերձ Հայաստանի իշխանությունն իրեն պետք է պահի ոչ թե նեղացող երեխայի պես, այլ գնա և իր օրակարգային հարցերը բարձրաձայնի այդ բոլոր հարթակներում։

 

Placeholder
«Խաղաղության խաչմերուկը» ռազմատուգանք է Հայաստանի նկատմամբ. Դավիթ Անանյան