Արցախից գաղթելիս շուրջ 70 մարդ է մահացել. Արգիշտի Քյարամյան
Իրավունք
09:16 05/01/2024
Հայաստան

Արցախից գաղթելիս շուրջ 70 մարդ է մահացել. Արգիշտի Քյարամյան

«Քննչական կոմկիտեն նախաձեռնել է վարույթ էթնիկ զտման վերաբերյալ և արցախահայության բռնի տեղահանման հանգամանքները բացառապես քննվում են այդ շրջանակներում»,- «Լուրերին» հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

«2023 թ. սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով պաշտպանության բանակը  տվել է 223 զոհ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են։ Զոհերի թվում կա 5 անչափահաս։

ՊԲ-ն տվել է 244 վիրավոր, որոնցից շուրջ ութ տասնյակը քաղաքացիական անձինք են, այդ թվում 10 անչափահաս։  Կա 20 անհետ կորած, որոնցից 5-ը քաղաքացիական անձինք են։

Արձանագրվել են շուրջ երկու տասնյակ դիակի նկատմամբ անարգանքի դեպքեր, այդ մասով ունենք դիակների զննություններ և փորձաքննության եզրակացություններ»,- ասաց Ա.Քյարամյանը:

Նա նաև հայտնեց, որ ինչպես Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստան ճանապարհին, այնպես էլ տեղ հասնելուց կարճ ժամանակ անց մահացել են քաղաքացիներ։

«Սա պայմանավորված է հիմնականում այն մեծ հոգեբանական ազդեցությամբ, որին ենթարկվել են մեր հայրենակիցները։ Եթե թվերը ճիշտ եմ հիշում, այդ ընթացքում շուրջ յոթ տասնյակ քաղաքացիական անձ է մահացել։ Այս ամենը քննության առարկա է դառնում էթնիկ զտման վերաբերյալ հարուցված քրեական գործով, որովհետև մեր հայրենակիցների մահվան պատճառն ակնհայտ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության հետևանքով ձևավորված մոտեցումների ազդեցությունն է այս անձանց վրա»,- ասաց Ա. Քյարամյանը։

Placeholder
Արցախից գաղթելիս շուրջ 70 մարդ է մահացել. Արգիշտի Քյարամյան