Էկվադորում զինված անձինք ուղիղ եթերում ներխուժել են TC Televisión հեռուստաալիքի տաղավար և պատանդ վերցրել աշխատակիցներին
Իրավունք
09:56 10/01/2024
Աշխարհ

Էկվադորում զինված անձինք ուղիղ եթերում ներխուժել են TC Televisión հեռուստաալիքի տաղավար և պատանդ վերցրել աշխատակիցներին

Առնվազն տասը մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, զոհվել է Էկվադորի Գուայաքիլում և նրա հարևան Նոբոլ քաղաքում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ազգային ոստիկանությունը։

Բանտերում անկարգություններից և խոշոր հանցախմբի առաջնորդ  Ադոլֆո Մասիաս Վիլամարի՝ Ֆիտոյի փախուստից հետո Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան 60-օրյա արտակարգ դրություն է հայտարարել՝ զինված ուժերն օգտագործելու քրեակատարողական համակարգի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար: Կառավարության գործողությունները անկարգությունների ալիք են առաջացրել երկրի քաղաքներում, երեքշաբթի գիշերը հանցագործները սկսել են այրել մեքենաներն ու ավտոբուսները, իսկ Գուայաքիլում ինքնաշեն պայթուցիկ սարքերի պայթյուններ են գրանցվել։

Հաղորդվում է նաև, որ դիմակներով զինված անձինք ներխուժել են Էկվադորի TC Televisión հեռուստաընկերության շենք և ուղիղ եթերում պատանդ վերցրել հեռուստատեսության աշխատակիցներին։  El Universo-ն գրում է, որ շենք մուտք գործելուց հետո հարձակվողները պայթուցիկ են տեղադրել  խմբագրության մուտքի մոտ: Այնուհետև նրանք ներխուժել են տարածք և լրագրողներ ու հեռուստաընկերության այլ աշխատողներ պատանդ վերցրել։ 

Երեքշաբթի օրը Նոբոան հայտարարել էր,  որ երկրում մտցրել է «ներքին զինված հակամարտության» ռեժիմ և հրամայել է բանակին «չեզոքացնել» տասնյակ հազարավոր անդամներ ունեցող 22 հանցավոր խմբավորումներ։ Էկվադորի զինված ուժերի միացյալ հրամանատարության ղեկավարը անվտանգության խորհրդի նիստից հետո այդ հանցավոր խմբավորումներին հայտարարել է ռազմական թիրախ և ասել, որ նրանց հետ բանակցություններ չեն լինի։

Նախագահը նույնպես ասել է, որ «նարկոահաբեկչական խմբավորումները» փորձում են ահաբեկել կառավարությանը և հրաժարվել են բանակցել ահաբեկիչների հետ։

Էկվադորի զինված ուժերը ռազմական տեխնիկա են տեղակայել մայրաքաղաք Կիտոյի կենտրոնում։
Զինվորականները նաև հրամաններ են ստացել անօրինական զինված խմբավորումների վնասազերծման գործողություններ իրականացնել։

 

 

 

Placeholder