Թիվ 54 մանկապարտեզի աշխատակիցներն ու սաները պատվաստվել են մենինգոկոկային վարակի դեմ․ ՀՀ  ԱՆ
Առողջություն
18:49 10/01/2024
Հայաստան

Թիվ 54 մանկապարտեզի աշխատակիցներն ու սաները պատվաստվել են մենինգոկոկային վարակի դեմ․ ՀՀ ԱՆ

Երեկ լրատվամիջոցներով տարածվեց, որ տոնական օրերին արտառոց դեպք է գրանցվել Երևանի թիվ 54 մանկապարտեզում: Դեկտեմբերի 28-ին պարտեզի տոնական միջոցառումներից ու հանդեսներից հետո կտրուկ վատացել է պարտեզի դաշնակահարուհու առողջական վիճակը և վերջինս հունվարի երեքին մահացել է՝ մենինգոկոկային վարակ ախտորոշմամբ։

Panorama.am-հետ զրույցում ՀՀ Առողջապահության նախարարությունից հաստատեցին մահվան դեպքը։
«Մահ գրանցվել է մանկապարտեզի դաշնակահարուհու մոտ։ Մանկապարտեզի անձնակազմը և երեխաները ստուգվել են, որից հետո՝ պատվաստվել»,- հայտնեցին նախարարությունից։

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունոկանխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանն էլ  Panorama.am-ին հայտնեց , որ մենինգոկոկային վարակը սուր վարակիչ հիվանդություն է։ Ախտանշանները բնորոշ են սուր շնչառական վարակներին և երբեմն կարող են ունենալ ծանր ընթացք։

Մասնագետն ընդգծեց, որ առողջ մարդը կարող է և չիմանալ, որ վարակակիր է։

«Տվյալ մանկապարտեզի դեպքի հետ կապված կարող եմ ասել, որ գրանցվել է միայն մեկ դեպք՝ մանկապարտեզի դաշնակահարուհու մոտ։ Այլ տարածման դեպքեր չեն գրանցվել։  Մենինգոկոկային վարակի գաղտնի շրջանն առավելագույնը 10 օր է, իսկ 10 օրն անցել է և  կոնտակտային անձանց մոտ նման վարակ չի հայտնաբերվել»,- հավելեց Գրիգորյանը՝ նշելով, որ վերոնշյալ մանկապարտեզի աշխատակիցները և սաները պատվաստվել են պոլիկլինիկայում։

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից խոստացան տրամադրել վիճակագրական տվյալներ՝ թե որքան հաճախ է այդ հիվանդությունը հանդիպում Հայաստանում, քանի  մահվան դեպք է գրանցվել վերջին տարիների ընթացքում և որ տարիքային խմբում։ Ինֆորմացիան ստանալուն պես կհրապարանենք այն։

 

Placeholder