Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Պղնձի խտանյութի արտադրության հարկերի՝ ռոյալթիների մուտքերի նվազման պատճառը նաև պատժամիջոցներն են. Արմեն Քթոյան
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ամփոփելով նախորդ տարվա աշխատանքների արդյունքները, հայտարարեց, որ 2023 թվականին ապահովել է շուրջ 2 տրիլիոն 221 մլրդ դրամի հարկային մուտքեր և աճ է արձանագրվել բոլոր հարկատեսակներից, բացառությամբ բնօգտագործման վճար հանդիսացող ռոյալթիների։ Panorama.am-ը դիմեց ՀՊՏՀ Վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանին՝ պարզելու համար, թե որ գործոններն են եղել հիմնականում պղնձի խտանյութի և մոլիբդենի արդյունահանման հարկերի՝ ռոյալթիների նվազման պատճառները։
Ա. Քթոյան-Այստեղ երկու գործոն կա, առաջինը՝ պղնձի գներն են։ Եթե համեմատենք 2022 թվականի առաջին կեսերի հետ, ապա կտեսնենք, որ միջազգային շուկայում պղնձի գները շատ ավելի բարձր էին, քան 2023 թվականին։ Ճիշտ է 2022 թվականի երկրորդ կեսում էլի որոշակի նվազում արձանագրվեց, բայց միջին մակարդակն ավելի բարձր էր, քան 2023 թվականինը։
Սա է դեր խաղացել, ինչպես նաև արդյունահանման ծավալների նվազման գործոնը կա։ Հանքաքարի խտանյութի ծավալների արտադրությունը 2023թ.-ն նվազել է մոտ 8.5 %-ով։ Եթե արտադրությունը դիտարկենք, ապա այս տարվա առաջին 11 ամիսների կտրվածքով 260 հազար տոնայի կարգի խտանյութ է արտադրվել, այն դեպքում, երբ նախորդ տարի նույն ժամանակահատվածում 290 հազար տոննայի կարգիր էր։ Սրանք այն գործոններն են, որոնք այս ոլորտի ընդհանուր շահութաբերության, շահույթի մակարդակի և ընդհանուր հարկման ակտիվության վրա են էապես ազդում։
Panorama.am-Պղնձի խտանյութի արտադրության ծավալների անկումն ինչո՞վ է պայմանավորված։
Ա. Քթոյան-Այն նույնպես մի քանի գործոններով է պայմանավորված։ Այստեղ առաջնահերթ դեր ունի Թեղուտի հանքավայրի հետ կապված հարցերը, ինչով պայմանավորված էլ ունենք նման իրավիճակ։ Այնտեղ արտադրության ծավալների և ռուսական պատժամիջոցների հարցեր կային, բավականին շատ։ Ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված սահմանափակումների դաշտ կա, որն մասնակիորեն առնչվում է նաև Թեղուտի հետ։ Արդյունքում մենք ունենք նման իրավիճակ։
Փաստացի արտադրության ծավալների կրճատում ունենք և պղնձի գների միջազգային գների անկում, արդյունքում ոլորտի շահույթի ծավալը, որը գեներացված է նաև հասույթները, նվազում են, ինչը բերում է հարկային պարտավորությունների նվազման։