Ես վիրահատության կարիք ունեմ. Վագիֆ Խաչատրյան
Քաղաքական
13:33 15/01/2024
Հայաստան

Ես վիրահատության կարիք ունեմ. Վագիֆ Խաչատրյան

Բաքվի վերաքննիչ դատարանը քննել է  Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանի բողոքը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ,  դատավոր Հասան Ախմեդովի նախագահությամբ նիստում Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին։

Խաչատրյանն իր համաձայնությունն է  հայտնել ճառին և դատարանին խնդրել արդարացնել իրեն.
«Ես անմեղ մարդ եմ, ապրում եմ բժիշկների հսկողության տակ։ Ինձ վիրահատություն է պետք, դրա համար պայմաններ ստեղծեք։ Ազատեք ինձ։ Խնդրում եմ արդարացնել ինձ»։

Նիստի ընթացքում պետական մեղադրող Տարանա Մամեդովան դեմ է արտահայտվել. «Խաչատրյանի ձեռքերն անմեղ մարդկանց արյան մեջ են։ Բողոքը չբավարարել»։

Մամեդովայի ելույթից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, վերադառնալուց հետո հրապարակել է որոշումը՝  մերժելով բողոքը։

Բաքվի դատարանը Հակարի կամրջի մոտից առևանգված Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ 15 տարուց 5-ը Խաչատրյանը կանցկանցի բանտում, մնացածը՝ ուղղիչ գաղութում։

Հիշեցնենք, որ արցախցի Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է անցած տարվա հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։

Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ ցեղասպանություն ու բռնի տեղահանում։ Նրան Ադրբեջանը մեղադրում է 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Մեշալի գյուղում տեղի ունեցած «ցեղասպանության» իրականացման համար։ Ըստ Բաքվի, իբր գործով 59 տուժող կա։

Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում հայտարարել է՝ չի ընդունում մեղադրանքը, չի մասնակցել ադրբեջանցիների նկատմամբ որևէ հանցագործության։

Placeholder