Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մենք ասել ենք՝ «Ղարաբաղն ու Նախիջևանը Հայաստան են», Ալիևն էլ հայելային կրկնում է «Էրիվանի», Սևանի մասով. Սիմոնյան
«Խաղաղության պայմանագրում չկա մեկ թեզ, որը վերաբերում է միայն մեկ կողմին՝ Հայաստանին կամ Ադրբեջանին։ Պայմանագրում առկա բոլոր թեզերը վերաբերում են երկու կողմերին էլ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նեց, որ Ադրբեջանի նախագահը ՀՀ տարածքային ամբողջականության մասին բազմիցս հայտարարություն է արել, նաև ՌԴ նախագահի ներկայությամբ, հարցազրույցների ժամանակ. «Այո՛, բառացի 29,800 քկմ-ը չի ասվել, և մենք սպասում ենք, ակնկալում ենք, որ դա նույնպես տեղի կունենա։ Դրա բացատրությունն ու պատճառներն ադրբեջանական կողմից այն է, որ հստակ սահմանագծում, սահմանազատում չկա, այդ պատճառով զերծ են մնում որևէ թիվ հայտարարելուց, միգուցե պահում են հետագա սակարկման, բանակցությունների համար»,-ասաց Սիմոնյանը։
Նա նշեց, որ կա քննարկվող պայմանագիր, որի կետերով առաջ են գնում այս պահի դրությամբ։
Խոսելով Ալիևի հռետորաբանության մասին, Ա.Սիմոնյանն ասաց. «Այն, ինչ անում է հարևան երկրի ղեկավարը, անում է հայելային՝ կրկնելով այն, ինչ հայկական կողմն արել է այս տարիների ընթացում։
Չէ՞ որ մենք միշտ ասում էինք՝ սրանք մեր պատմական տարածքներ են և այլն։ Տրամաբանությունը մտել է նաև հայելային խոսակցության մեջ։ Ալիևը խոսում է մի բանի մասին, որպեսզի հակակշիռ ստեղծի այն նարատիվներին, որ մենք 30 տարվա ընթացքում ստեղծել ենք»։
Դիտարկմանը, թե ե՞րբ է հայկական կողմն ասել, որ Բաքուն Հայաստան է, ինչպես Ալիևն է պնդում, որ «Էրիվանը Ադրբեջան է», Ա. Սիմոնյանը արձագանքեց. «Վա՜յ, մենք ասել ենք՝ Նախիջևանը Հայաստան է, ասել ենք՝ Ղարաբաղը Հայաստան է, ասել ենք՝ գնալու ենք Բաքվում թեյ խմենք, իրենք էլ ասում են՝ գալու են Սևանում թեյ խմելու։ Մի խոսքով՝ այդ բառապաշարի մեջ ենք մտել։ Բայց կա պայմանագրային գործընթաց, որտեղ ամեն ինչ վերաբերում է կողմերին հավասարաչափ»,-ասաց նա։