Irish Cinephile.  «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն ընդգրկվել է 2023-ի 25 լավագույն ֆիլմերի շարքում
Մշակույթ
08:30 17/01/2024
Հայաստան

Irish Cinephile. «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն ընդգրկվել է 2023-ի 25 լավագույն ֆիլմերի շարքում

Ըստ Irish Cinephile կինո և հեռուստատեսային նորությունների և անդրադարձների լրատվականի՝ ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն ընդգրկվել է 2023 թվականի 25 լավագույն ֆիլմերի շարքում: Այս մասին հայտնում են Ազգային կինոկենտրոնից։

«Ֆիլմն անիմացիոն/արխիվային հիբրիդային վավերագրություն է, որը մեզ ներկայացնում է մարդկային հուզիչ պատմություն՝ կենտրոնանալով Հայոց ցեղասպանությունը վերապրած Արշալույս/Ավրորա Մարդիգանյանի անցած ճանապարհի վրա՝ պատմելով, թե ինչպես նա դարձավ հին Հոլիվուդի համր ֆիլմի աստղ»,- ասվել է  ֆիլմի մասին։ 

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի հնդկաստանյան պրեմիերան կկայանա հունվարի 20-ին և հունվարի 21-ին;

 Հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմի (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas») ռեժիսորը և սցենարիստը Իննա Սահակյանն է, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե: Ֆիլմը տեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա: 

Ֆիլմի մասին

Ավրորա Մարդիգանյանն ընդամենը 14 տարեկան էր, երբ սեփական աչքերով տեսավ ու ապրեց հայերի ցեղասպանության ամբողջ ահն ու սարսափը: Բարեբախտաբար, նրան հաջողվում է փախչել Ամերիկա, որտեղ նրա կյանքի ողբերգության պատմությունը դարձավ մշակութային իսկական սենսացիա: Ավրորայի կյանքի պատմության հիման վրա նկարահանված ֆիլմը, որտեղ ինքը հանդես է գալիս գլխավոր հերոսի կերպարում, ցնցեց Ամերիկան՝ նրան դարձնելով ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ բարեգործական արշավի դեմքը: Նրա կյանքի ոդիսականը պատմում է, թե ինչպես է հերոսուհին դիմակայում ճակատագրի դաժան հարվածներին, անցնում ցավի ու դառնության միջով՝ չկորցնելով կյանքում ամենակարևորը՝ մարդ մնալու կարողությունը:

 

 

Placeholder
Irish Cinephile. «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն ընդգրկվել է 2023-ի 25 լավագույն ֆիլմերի շարքում