«Ժողովուրդ». ՔՊ-ականներից մի քանիսը մնացին անդրդվելի ու չմասնակցեցին Հայկ Սարգսյանի նախագծի քվեարկությանը
Օրվա մամուլ
09:37 18/01/2024
Հայաստան

«Ժողովուրդ». ՔՊ-ականներից մի քանիսը մնացին անդրդվելի ու չմասնակցեցին Հայկ Սարգսյանի նախագծի քվեարկությանը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց՝ ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, չնայած թեժ բանավեճերին ու դժգոհություններին, հունվարի 16-ի ԱԺ նիստում վերջնական ընդունվեց:

ՔՊ-ական պատգամավորի նախագիծը դժգոհության ալիք էր բարձրացրել հենց իր թիմի ներսում. իշխանական պատգամավորներն անթաքույց իրենց անհամաձայնությունն էին հայտնում դրա հետ կապված: Չնայած նախագիծն ընդունվեց իշխանական պատգամավորների մեծամասնության կողմ քվեարկությամբ, բայց ՔՊ-ականներից մի քանիսը, ամեն դեպքում, մնացին անդրդվելի ու չմասնակցեցին Հայկ Սարգսյանի նախագծի քվեարկությանը:

Այսպիսով, Հայկ Սարգսյանի նախագիծն ընդունվել է 63 կողմ, 27 դեմ, 6 ձեռնպահ
ձայների հարաբերակցությամբ:

Իշխանական պատգամավորներից քվեարկությանը չեն մասնակցել Անդրանիկ Քոչարյանը, որը հենց հանձնաժողովի նիստում նախագծի քննարկման ժամանակ էր դժգոհությունն իր արտահայտել նախագծի մասով. վերջինս քվեարկության պահին նիստերի դահլիճում չի եղել: Քվեարկության ժամանակ բացակա են եղել նաև պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը և Արման Եղոյանը:

Հայկ Սարգսյանի նախագծի քվեարկությանը ՔՊ-ական պատգամավորներից չեն մասնակցել Վիլեն Գաբրիելյանը, Գուրգեն Արսենյանը, Լենա Նազարյանը, Սարգիս Խանդանյանը:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները դեմ էին քվեարկել ՔՊ-ական պատգամավորի նախագծին, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները ձեռնպահ էին քվեարկել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder