Այսօր պատերազմը հասել է հայ դպրոցի շեմին. Կարին Տոնոյան
Կրթություն, գիտություն
16:34 24/01/2024
Հայաստան

Այսօր պատերազմը հասել է հայ դպրոցի շեմին. Կարին Տոնոյան

«Այսօր պատերազմը հասել է հայ դպրոցի շեմին։ Հայ ազգն իր դպրոցին մենակ թողնելու իրավունք չունի»,- 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը չեղարկելուն ուղղված «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» միջոցառումների հերթական քննարկման ժամանակ ասաց «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն  Կարին Տոնոյանը։

Նրա խոսքով, այդ պատերազմն արդեն մտել էր դպրոց, երբ «Հայ գրականության» դասագրքի վրայից հանվեց «հայ»-ը, թողնվեց գրականություն. «Ոչ ոք չնկատեց, չաղմկեց, որ հայ գրականության  գրքում հայտնվեցին ադրբեջանցի և թուրք հեղինակների ստեղծագործություններ։ Հավանաբար, շատերն անգամ տեղյակ էլ չեն, պակասեցվեցին այնպիսի գրողների ստեղծագործություններ, որոնք հենց մեր ազգային, գրականության, պատմության մեջ մեծ նշանակություն ունեն»։

«Այսօր նրանք քայլ առ քայլ առաջ են գալիս, մենք էլ, ցավոք, քայլ առ քայլ նահանջում ենք։ Նահանջեց զինվորը, նահանջեց հայոց լեզուն, նահաջում է այսօր հայ դպրոցը, «Հայոց պատմություն» առարկան։ Այդ նահաջի  մեջ ամենամեծ դերակատարները «Հայոց պատմություն» առարկայի ուսուցիչներն են ու դպրոցների տնօրենները»,- ասաց Կ. Տոնոյանը։

Նա ընդգծեց, որ եթե այսօր չեն պայքարում այդ գրքի դեմ, իրենց կերպարով  ստրուկներ են դաստիարակում։

«Մեր այսպիսի լռությամբ ստրուկներ ենք դաստիարակում, հետևաբար նաև կատարում ենք նրանց ամենամեծ նպատակը՝ մենք դաստիարակում ենք սպասարկող, ծառայող ժողովուրդ։ Ազգի մասին խոսելն անիմաստ է։

Հետևաբար «Հայոց պատմություն»  առարկայի դասագիրքը պետք է վերագնահատել որպես հայ երեխայի ինքնության և տեսակի դաստիարակման գլխավոր գործիք»,- ասաց Կարին Տոնոյանը։

Նա առաջարկով հանդես եկավ. «Հավաքվենք, ստեղծենք մեր երազանքի դասագիրքը ու հարկադրենք շրջանառության մեջ դնելու այդ դասագիրքը։ Գումարներ կգտնենք»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Placeholder