2023 թ.-ի դեկտեմբերին Հայաստանում աշխատատեղերի թիվը կազմել է ռեկորդային՝ 741 726. Նիկոլ Փաշինյան
Տնտեսություն
13:14 25/01/2024
Հայաստան

2023 թ.-ի դեկտեմբերին Հայաստանում աշխատատեղերի թիվը կազմել է ռեկորդային՝ 741 726. Նիկոլ Փաշինյան

 «Տնտեսության արդիականացման ծրագրի 1.5 տարվա աշխատանքից հետո մենք ունենք 3590 ընկերություն, որոնք օգտվել են դրանից և 207 մլրդ րամի թարմացրել են իրենց գործարանները, հոսքագծերը, տեխնիկան, որը 500 մլն դոլարից ավել է կազմում»,- կառավարության նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և հավելեց. «Մեր կարծիքով այն շատ լուրջ ինտրեվենցիա է  ընկերությունների աշխատանքում, որպեսզի աջակցենք աշխատանքների արտադրողականությունը բարձրացնելու համար»։

Նրա խոսքով, դրանում մշակող արդյունաբերությանը բաժին է հասնում 45%-ը, շինարարությունում 47 մլրդ դրամի ներդրում կա, և առողջապահության ոլորտի ընկերություննրում են ներդրումներ եղել։

«Ծրագրի մյուս բաղադրիչով՝ օտարերկրյա բարձրակարգ մասնագետների ներգրամամբ մենք ունենք 28 ընկերություն և 367 մասնագետ։ Հիշեցնեմ, որ այս ծրագրով կառավարությունը համաֆինանսավորում է այդ մասնագետների 3 տարվա աշխատավարձի 20%, 50% կամ 70%-ը»,- ասաց Քերոբյանը։

Նա հյատնեց, որ առաջարկվող նախագծով ծրագրում ավելացնում են երրորդ բաղադրիչը, որը վերաբերում է ընկերությունների թվայնացմանը։

«Այսօր Հայաստանում ընկերությունների 90 %-ից ավելին թվային առումով հասու չէ և մենք այս գործիքով փորձում ենք ընկերություններին օգնել թվային դառնալ»,- ասաց Քերոբյանը՝ պարզաբանելով, որ առաջին փուլով բանկերի միջոցով ֆինանսավորում են թվայնացման համար խորհրդատվության ձեռքբերումը, երկրորդ բաղադրիչը վերաբերում է բուն թվայնացմանը՝ սուբսիդավորման վարկի տեսքով։

«Հաջողության դեպքում, երբ ընկերություններն ապահովում են միանգամից երկու արդյունք՝ ներդրնում են որակի կառավարման և թվայնացման ստանդարտներ և հաջողություն են ապահովում արտահանման դիվերսիֆիկացիայի ուղղությամբ՝ մենք խորհրդատվության համար տրմադրած վարկի կեսը դրամաշնորհի տեսքով հետ ենք վերադարձնում ընկերություններին, որպես շնորհակալություն հաջող իրականացրած գործընթացների համար»,-ասաց Քերաբյանը և տեղեկացրեց, որ ծրագրից օգտված ընկերությունները ավելի շատ հարկ են մուծել պետական բյուջե։

Նիկոլ Փաշինյանն էլ ներկայացրեց հերթական վիճակագրական տվյալները՝ ասելով. «2023 թվականի դեկտեմբերին աշխատատեղերի թիվը կազմել է ռեկորդային 741 726, որն 2018 թվականի մայիսի ցուցանիշից  ավել է 193 737»։

Անդրադառնալով աշխատավարձ ֆոնդին՝ Փաշինյանը նշեց. «2023 թվականի դեկտեմբերին աշխատավարձի ֆոնդը, այսինքն՝ բոլոր աշխատավարձերը միասին վերցրած, կազմել է 264 մլրդ 188 մլն դրամ, որը 2018 թվականի նկատմամբ ավելի է 167 մլրդ 501 մլն դոլարով կամ 173 տոկոսով: Այսինքն՝ համախառն աշխատավարձը 173 %-ով 2018 թվականի մայիսից ի վեր ավելացել է, իսկ նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր՝ 13,3 %-ով կամ 31 մլրդ դրամով. այսինքն՝ սա էլ շատ կարևոր է՝ արձանագրելու գնաճի և աշխատավարձերի աճի հարաբերակցությունը»:

Նա համեմատեց եկամտային հարկի վճարման ցուցանիշները, նշելով, որ 2023 թվականի դեկտեմբերին եկամտային հարկը կազմել է 52 մլրդ 199 մլն դրամ, որը 2018 թվականի մայիսի համեմատ ավելի է 28 մլրդ 35 մլն դրամով։

Փաշինյանի խոսքով՝ ամենակարևոր ցուցանիշն է մեկ մարդու բաժին հասնող միջին ամսական աշխատավարձը, որը 2023 թվականի դեկտեմբերին կազմել է 356 180 դրամ և 2018 թվականի մայիսի նկատմամբ ավելի է 179 741 դրամով կամ 101.9 %-ով:

«Այսինքն՝ 2018 թվականի մայիսից ի վեր միջին ամսական աշխատավարձը դրամային ցուցանիշով կրկնապատկվել է: Սա կարևոր արձանագրում է: Նախորդ տարվա նկատմամբ աճը՝ 25 273 դրամ, և 7,6 %»,-ասաց նա:

 

Placeholder
2023 թ.-ի դեկտեմբերին Հայաստանում աշխատատեղերի թիվը կազմել է ռեկորդային՝ 741 726. Նիկոլ Փաշինյան