Պաոլո Փիրջանյան. Moxie-ն իմ խնդրից է ծնվել
Հասարակություն
12:22 01/02/2024
Հայաստան

Պաոլո Փիրջանյան. Moxie-ն իմ խնդրից է ծնվել

Ամերիկահայ Պաոլո Փիրջանյանը, որի հիմնադրած Embodied, Inc. ընկերությունը ստեղծել է Moxie AI ռոբոտը, կարծում է, որ Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության ոլորտի զարգացման մեծ ներուժ կա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշել է՝ շատ երկրներ նավթի, գազի, ոսկու շատ ռեսուրսներ ունեն, իսկ Հայաստանի ամենաթանկ ռեսուրսն ուղեղն է:  

Պաոլո Փիրջանյանը ծնվել է Իրանում, տեղափոխվել է Դանիա, այնուհետև՝ ԱՄՆ: Վաղ տարիքից հետաքրքրվել է համակարգիչներով և ծրագրավորմամբ: Ռոբոտաշինության դոկտորական աստիճան ստանալուց հետո առաջատար դիրքեր է  գրավել սպառողական ռոբոտաշինության ոլորտում: Նրա տպավորիչ կարիերան ներառում է NASA JPL-ում աշխատանքը։ Փիրջանյանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել iRobot-ում, Evolution Robotics-ում: 

«Մանկության տարիներին մարդիկ շատ դժվարությունների միջով են անցնում: Օրինակ՝ կան երեխաներ, որոնք աուտիզմ, հոգեբանական այլ խնդիրներ ունեն, կարող է՝ ծնողների ամուսնալուծությունը դժվար են ընդունել: Եթե երեխաներին չօգնենք, մինչև կյանքի վերջ կարող են խնդիրներ ունենալ:

Վկա եղանք Արցախում տեղի ունեցածին, հազարավոր երեխաներ զրկվեցին տներից, շատ փորձությունների բախվեցին, եթե մենք չօգնենք այս երեխաներին, չբուժենք հոգեբանական տեսանկյունից, չենք կարող ասել, թե ապագայում ինչ է լինելու նրանց հետ: Դիտարկենք Ուկրաինայում, Իսրայելում, Գազայում տիրող իրավիճակը:

Աշխարհի յուրաքանչյուր ծայրում երեխաներն օգնության կարիք ունեն: Այս խնդրի լուծման համար կան մասնագետներ՝ հոգեբանները, նրանց ծառայությունները հաճախ շատ թանկ են, անհասանելի: Օրինակ՝ ԱՄՆ-ում 350 երեխային մեկ հոգեբան է բաժին հասնում: Հասկացանք, որ այստեղ կարող են օգնության հասնել տեխնոլոգիաները: Ստեղծեցինք Moxie ռոբոտը, որն առաջին հերթին աշխատում է EQ- վրա՝ զարգացնում էմոցիոնալ ինտելեկտը։ Սկսել ենք աշխատել նաև IQ-ի վրա»,-ասել է նա։

Պաոլո Փիրջանյանը նշել է, որ Moxie ռոբոտն իր խնդրից է ծնվել:  

«Ծնվել եմ Իրանում, 1975 թվականին տեղափոխվեցինք: Մենք քրիստոնյա ենք, մեզ համար շատ վտանգավոր իրավիճակ էր: Ծնողներս որոշեցին ինձ ուղարկել Եվրոպա: 11 տարեկանում ծնողներից բաժանվելը շատ դժվար էր: Այդ գործընթացը էմոցիոնալ և հոգեբանական դժվարություններ է առաջացնում: Խնդրին լուծում գտնելն ինձ համար եղավ մեծ նպատակ․ փորձել անել ամեն ինչ հաջորդ սերնդին օգնելու համար: Այսինքն՝ Moxie-ն իմ խնդրից է ծնվել»,-մանրամասնել է նա։

Placeholder
Պաոլո Փիրջանյան. Moxie-ն իմ խնդրից է ծնվել