Մահացել է Էվերեստ բարձրացած առաջին հայ լեռնագնաց Լև Սարկիսովը
Աշխարհում
14:21 03/02/2024
Հայաստան

Մահացել է Էվերեստ բարձրացած առաջին հայ լեռնագնաց Լև Սարկիսովը

86 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհի ամենաբարձր գագաթը բարձրացրած հայ լեռնագնաց Լև Սարկիսովը: Այս մասին հայտնել է Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիան: Նա առաջին հայն էր, որ 1999թ. հասավ Էվերեստի գագաթ և ընդգրկվեց Գինեսի ռեկորդների ցանկում որպես այդ լեռը բարձրացած ամենատարեց լեռնագնաց

Լև Սարկիսովը ծնվել է  1938 թվականին դեկտեմբերի 2-ին Վորոնեժ քաղաքում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սարկիսովների ընտանիքը տեղափոխվում է Թբիլիսի: Լև Սարկիսովը Էվերեստ լեռան գագաթ հասել է վրացիների կողմից կազմակերպված կովկասյան թիմի կազմում. այդ թիմը կրում էր «Կովկաս-99» անվանումը: 

Լև Սարկիսովը գագաթին հասել է 60 տարեկան 160 օրական հասակում, իսկ նախքան նրա գագաթին լինելը իրենից առաջ բարձրացած լեռնագնացը եղել է 60 տարեկան 161 օրական: Այս մեկ օրվա տարբերությամբ Լև Սարկիսովը գրանցվում է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենատարեց անձ, որ եղել է Էվերեստ լեռան գագաթին: Սարկիսովն Էվերեստի գագաթից դիմել է ողջ աշխարհում բնակվող հայերին, ասելով. «Միասին խաղաղ ապրենք, լավ ապրենք: Ես ձեր ցավը տանեմ: Հե~յ»:

Չորս անգամ վերելք է կատարել Արարատ լեռը։

ՀՀ վարչապետի 2016 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ Լև Սարկիսովին շնորհվել է շնորհակալագիր` լեռնագնացության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ակնառու նվաճումների համար:

 

Placeholder