Ջութակահար Նիկոլայ Մադոյանի Armenian Brilliance ալբոմն արդեն հայտնվել է ամենավաճառվող Naxos ալբոմների քսանյակում
Մշակույթ
14:53 05/02/2024
Հայաստան

Ջութակահար Նիկոլայ Մադոյանի Armenian Brilliance ալբոմն արդեն հայտնվել է ամենավաճառվող Naxos ալբոմների քսանյակում

Հայաստանի վաստակավոր արտիստ, ջութակահար Նիկոլայ Մադոյանի Armenian Brilliance («Հայկական փայլ») ալբոմն արդեն հայտնվել է ամենավաճառվող Naxos ալբոմների քսանյակում և արժանացել է քննադատների բարձր գնահատականին, այդ թվում նաև BBC և Pizzicato երաժշտական ամսագրերում: Այս մասին Panorama.am-ին հայտնում է ջութակահարի PR խումբը։

Հիշեցնենք, որ ալբոմը լույս է տեսել 2023 թվականի հոկտեմբերին, այն  թողարկվել է Naxos  Records-ի՝ դասական երաժշտության աշխարհի ամենամեծ ձայնագրող լեյբլներից  մեկի կողմից։ Ջութակի և դաշնամուրի ստեղծագործությունների եզակի ժողովածուն ցուցադրում է  Մադոյանի և դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանի վարպետությունը։

Ալբոմը ներառում է ութ հայ կոմպոզիտորների տասնհինգ ստեղծագործություն, այդ  թվում ՝ այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են Կոմիտաս վարդապետը և Արամ  Խաչատրյանը։

«Իր դեբյուտային Naxos ալբոմում նա հմտորեն ֆիքսում է յուրաքանչյուր ստեղծագործության էությունը՝ բացահայտելով դրանց խորությունն ու բնավորությունը։ Մադոյանի՝ ստեղծագործություններից ամենանուրբ մանրամասները կորզելու ունակությունը՝ լինի դա էլեգանտ արտահայտչականություն, երազկոտ հատվածներ, թե հզոր վիրտուոզություն, նրա
երաժշտական մեկնաբանություններին լրացուցիչ արժանահավատություն է հաղորդում։

Ալբոմի ներդաշնակ հարստությունը լրացնում է տաղանդավոր դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը, ում նուրբ դաշնամուրը բնական ճշգրտությամբ լրացնում է Մադոյանի նվագը՝ ստեղծելով հարմոնիկ բնապատկեր: Նա յուրաքանչյուր ստեղծագործության մեջ բերում է իր գեղարվեստական ինքնատիպությունը՝ հարստացնելով ալբոմի ձայնային ներկապնակը։

Ձայնասկավառակի ուղեկցող տեքստը հակիրճ բացատրություններ է տալիս յուրաքանչյուր ստեղծագործության մասին, ինչը հնարավորություն է տալիս ունկնդիրներին հասկանալ կոմպոզիցիաների մշակութային և պատմական համատեքստը:

Այս մտածված հպումն ուժեղացնում է ալբոմի ազդեցությունը՝ այն վերածելով ոչ միայն երաժշտական վայելքի, այլև ճանաչողական ճանապարհորդության դեպի հայ ստեղծագործության սիրտը»,- նշում են Մադոյանի PR խումբը։

Placeholder
Ջութակահար Նիկոլայ Մադոյանի Armenian Brilliance ալբոմն արդեն հայտնվել է ամենավաճառվող Naxos ալբոմների քսանյակում