Հնդկաստանում ոտքի են ելել գյուղատնտեսները. Մենք կմտնենք Դելի բուլդոզերներով
Քաղաքական
11:56 21/02/2024
Աշխարհ

Հնդկաստանում ոտքի են ելել գյուղատնտեսները. Մենք կմտնենք Դելի բուլդոզերներով

Հնդկաստանի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել բողոքող ֆերմերների վրա, ովքեր վերսկսել են իրենց երթը դեպի մայրաքաղաք Դելի: Կառավարության հետ բանակցությունների չորս փուլերը չեն կարողացել վերջ տալ փակուղուն:

Գյուղացիներn իրենց բերքի համար երաշխավորված գներ են պահանջում:

Դեպի մայրաքաղաք երթին ընդառաջ Դելիի սահմանները ամրացվել են մի քանի շերտով՝ բարիկադներով և փշալարերով, որպեսզի կասեցնեն ցուցարարների մուտքը։ Սակայն գյուղատնտեսները նախազգուշացրել են, որ Դելի մտնելու համար կօգտագործեն ծանր տեխնիկա։

Չորեքշաբթի օրը Փենջաբ և Հարյանա նահանգների տեսարանները ցույց են տվել, որ հազարավոր ֆերմերներ պատրաստվում են անցնել արգելքները՝ օգտագործելով բուլդոզերներ, տրակտորներ ու գյուղատնտեսական այլ տեխնիկա։

Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ։

BBC-ն գրում է, որ ֆերմերները հիմա ավելի լավ են պատրաստված, քան անցյալ շաբաթ, հիմա նրանք օգտագործում են դիմակներ, ձեռնոցներ և անվտանգության կոստյումներ՝ իրենց պաշտպանվելու համար:



Շատ ցուցարարներ թռցրել են օդապարուկներ՝ խանգարելու անօդաչու թռչող սարքերի աշխատանքը, որոնց միջոցով իրենց նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառվել։

Գյուղատնտեսները միասնության կոչեր են անում՝ ոստիկաններին հորդորելով չհարձակվել իրենց «եղբայրների» վրա։ Գյուղատնտեսության նախարար Արջուն Մունդեն ֆերմերներին հրավիրել է բանակցությունների հինգերորդ փուլի:

«Մեզ համար կարևոր է խաղաղության պահպանումը»,- գրել է։

Ֆերմերները դեռևս չեն արձագանքել այս հրավերին:

Դելիում անվտանգության միջոցները խստացվել են, խոշոր հավաքներն արգելվել են մեկ ամսով։

Placeholder