Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երբ արդեն հանել էի մարզակոշիկներս, ընկեր Արտաշեսը չէր հասցրել ասել՝ «դու բրոնզե մեդալակիր ես, մի հանիր». Հռիփսիմե Խուրշուդյան
«Գոհ եմ այն արդյունքից, որովհետև այդ տարիքում և երկու բալիկից հետո մեծ սպորտ վերադառնալն արդեն հերոսություն էր իմ կողմից: Շատ ուրախ եմ, որ կարողացա պահել իմ խոստումը՝ բարձրացնել մեր դրոշը: Նշանակություն չունի, թե ինչ գույնի մեդալ է եղել, ինձ համար հերոսություն էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց ծանրամարտի 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2023, 2024 թվականների բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը:
Կարիերան ավարտելու մասին հարցին՝ նա պատասխանեց. «Կարիերաս ավարտելու մասին հիմա պաշտոնապես ոչինչ չեմ կարող ասել: Մարզչական խորհրդով կորոշեն։
Քանի որ աղջիկների թիմը Օլիմպիական խաղերի չի կարող գնալ, դեկտեմբերին աշխարհի առաջնություն ունենք: Ես ունեմ բավականին լուրջ վնասվածքներ: Առաջին հերթին դրանք կբուժեմ, որից հետո արդեն, եթե կարողանամ մեդալի հավակնորդ լինել աշխարհի առաջության ժամանակ, կգնամ, իսկ եթե ոչ, մարզիչները կասեն՝ ինչ անեմ»։
Հիշեցնենք, որ 36-ամյա Հռիփսիմե Խուրշուդյանը ԵԱ-ում հրում վարժության իր վերջին մոտեցումից հետո հանել է մարզակոշիկները, համբուրել ծանրաձողն ու շնորհակալություն հայտնել երկրպագուներին՝ ակնարկելով կարիերան ավարտելու մասին։
«Երբ մարզակոշիկներս թողեցի մրցահարթակում, կարծում էի՝ մեդալ չունեմ: Երբ արդեն հանել էի մարզակոշիկներս, ընկեր Արտաշեսը չէր հասցրել ասել՝ «դու բրոնզե մեդալակիր ես, մի հանիր»:
Սիրտս թողել եմ մրցահարթակում, լեզուս ասում է՝ արդեն պետք է վերջ դնեմ սպորտին: Տեսնենք՝ ինչպես կստացվի: Աստված տա, ամեն ինչ լավ լինի»,- ասաց Հռիփսիմե Խուրշուդյանը:
Փետրվարի 20-ին Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հռիփսիմե Խուրշուդյանը 87 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալակիր դարձավ երկամարտի 227 կգ արդյունքով (105+122 կգ):