Իսկանդարյան. ՀՀ հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ ակնհայտորեն ճգնաժամի մեջ են, ես կասեի՝ կազմակերպությունն է ճգնաժամի մեջ
Քաղաքական
12:17 24/02/2024
Հայաստան

Իսկանդարյան. ՀՀ հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ ակնհայտորեն ճգնաժամի մեջ են, ես կասեի՝ կազմակերպությունն է ճգնաժամի մեջ

«Իհարկե, դուրս գալ հնարավոր է: Բայց խոսակցությունը դրա մասին չէ: Ասվում էր, որ, փաստորեն, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցված են։ Սա ճիշտ է»,- «Հայաստանը խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով  քննարկմանը լրագրողների հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը և պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը կարող է միակողմանի դուրս գալ ՀԱՊԿ-ից և խզել ստորագրված համաձայնագրերը։

«Դա եղել է առնվազն 2020 թվականից: Այս հարաբերություններն ակնհայտորեն ճգնաժամի մեջ են: Ես կասեի, որ ՀԱՊԿ-ն որպես կազմակերպություն ճգնաժամի մեջ է։ Սա (Փաշինյանի հայտարարությունը-խմբ.) կմեկնաբանեի ոչ թե որպես ՀԱՊԿ-ից ֆորմալ դուրս գալ, այլ հետևյալ կերպ. Հայաստանի փոխգործակցությունը Ռուսաստանի հետ ՀԱՊԿ շրջանակներում իրականում չի աշխատում, և Հայաստանի փոխգործակցությունը կազմակերպության այլ երկրների հետ երբեք չի աշխատել։ Դրա համար էլ դա պարզապես գոյություն ունեցող ճգնաժամի արձանագրումն է»,- ասաց քաղաքագետը։

Իսկ թե որքանո/վ է օբյեկտիվ կողմերի՝ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության փոխադարձ դժգոհությունը, Իսկանդարյանը նշեց. «Հիմա Հայաստանում և Ռուսաստանում քաղաքականությունը այլ կերպ է կառուցված, այն առումով, որ ամեն ինչ քիչ թե շատ բաց է լինում։ Հակասություններ միշտ էլ եղել են։ Մենք հիշում ենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը, Ղազախստանի և Բելառուսի մշտական էսկապադները, հայտարարություններ, որոնք հավանության են արժանացել ՀԱՊԿ-ի կողմից։

Այս ամենն արվել է փակ դռների հետևում։ Հիմա թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում ամեն ինչ այլ է։ Հայաստանում էլիտաների ոճը բոլորովին այլ է՝ այն ամենը, ինչ տեղի է ունենում շատ հաճախ, տեղի է ունենում մամուլի էջերում։ Ռուսաստանում Ուկրաինայի հետ պատերազմը հանգեցրել է քաղաքականության ոճի փոփոխության։ Այնպես որ, հակասություններ միշտ էլ եղել են։ Եվ սրա տակ հսկայական օբյեկտիվ հիմք կա»։
 

Placeholder
Իսկանդարյան. ՀՀ հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ ակնհայտորեն ճգնաժամի մեջ են, ես կասեի՝ կազմակերպությունն է ճգնաժամի մեջ