Ջուլիանա Գրիգորյանն արժանացել է Հիլդեգարդ Բերենսի անվան մրցանակին
Օրվա թեմա
09:52 27/02/2024

Ջուլիանա Գրիգորյանն արժանացել է Հիլդեգարդ Բերենսի անվան մրցանակին

Հիլդեգարդ Բերենսի 14-րդ ամենամյա մրցանակը շնորհվել է Մետրոպոլիտեն Օպերայի Լինդեմենի երիտասարդ արտիստների զարգացման ծրագրի սոպրանո Ջուլիանա Գրիգորյանին։ Այս մասին տեղեկանում ենք operawire.com կայքից։

Գրիգորյանը ծրագրի առաջին կուրսում է և մրցանակը ստացել է 2024 թվականի փետրվարի 9-ին Մետրոպոլիտեն օպերայի Grand Tier-ում՝ գերմանացի հայտնի օպերային երգչուհի Բեհրենսի ծննդյան 87-ամյակի տոնակատարության ժամանակ:

«Իսկապես զարմացա, երբ ստացա այս անհավանական մրցանակը: Շատ կարևոր է զգալ այս աջակցությունը կարիերայիդ առաջին քայլերում»,- ասել է Գրիգորյանը։

Նույն աղբյուրի հաղորդմամբ, Մետրոպոլիտեն Օպերան հայտարարել է դերասանական կազմի փոփոխության մասին 2024 թվականի մարտի 2-ին կայանալիք Ջակոմո Պուչինիի «Տուրանդոտ» ներկայացման համար։ Լիուի դերում Ալեքսանդրա Կուրզակին կփոխարինի Ջուլիանա Գրիգորյանը։ 

Ջուլիանա Գրիգորյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատար է: Նա ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի ազգային կամերային, օպերային թատրոնի նվագախմբերի հետ: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանի մարզերում և Արցախում:

Ջուլիանա Գրիգորյանը համագործակցել է կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Վաչե Շարաֆյանի հետ: Նա արժանացել է տարբեր մրցանակների, այդ թվում Պլասիդո Դոմինգոյի հովանու ներքո անցկացվող «Operalia-2022» համաշխարհային մրցույթում   նվաճել է առաջին մրցանակը:

 

Placeholder
Ջուլիանա Գրիգորյանն արժանացել է Հիլդեգարդ Բերենսի անվան մրցանակին