Մինչև 40 % աղքատություն ունեցող Հայաստանում տնտեսագետներն ինչու են պահանջում 4% գնաճ. Պարզաբանում է Աղասի Թավադյանը
Տնտեսություն
10:34 05/03/2024
Հայաստան

Մինչև 40 % աղքատություն ունեցող Հայաստանում տնտեսագետներն ինչու են պահանջում 4% գնաճ. Պարզաբանում է Աղասի Թավադյանը

2023 թվականին Հայաստանում գրանցվել է 0.6 % գնանկում։ Տնտեսագետները բարձրաձայնում են, որ այն տնտեսության համար վնասակար է և Հայաստանում գոնե 4% գնաճ պետք է ապահովվի։ Ինչքանո՞վ է հիմնավորված նման գնաճի պարտադիր ապահովումը, այն դեպքում, երբ Հայաստանում նախորդ տարի գրանցվել է 24.8 % աղքատության մակարդակ, իսկ  Շիրակի և Արմավիրի մարզերում աղքատ են բնակչության 40%-ից ավելին։

Վերոնշյալ հակասությունը պարզաբանելու համար Panorama.am-ը դիմեց տնտեսագետ, Tvyal.com հարթակի ղեկավար Աղասի Թավադյանին։


«Գնաճը հանրամատչելի ձևով կարելի է համեմատել դոպինգի հետ, այն տալիս են, որպեսզի տնտեսությունն աճի։ Օրինակ ցարգացած պետություններում գնաճը ցածր է և այնքան շատ դոպինգ պետք չէ, որովհետև նրանք արդեն զարգացած են, դրա համար էլ նրանք բավարարվում են թիրախային 0.1 % գնաճով։

Զարգացող երկրների համար 4% թիրախային գնաճն  լավ է, որովհետև զարգացնում է տնտեսությունը, բայց չափից շատ գնաճը՝ 7-8 %-ը սկսում է դոպինգի նման վնասել տնտեսությունը, որովհետև, պատկերավոր ասած, շատ բարձր գնաճի պայմաններում օրգանիզմի նման տնտեսության երիկամներն էլ խաթարվում են։

Հայաստանում 2022 թվականին գրանցվել է 8.3 % գնաճ, 2021 թվականին նորից 7.2 % գնաճ, որը բարձր է թիրախային մակարդակից, ինչը պայմանավորված էր համաշխարհային գնաճային տենդենցներից, բայց հարևան երկրներից այն ցածր է եղել։ Օրինակ, Թուրքիայում գնաճը 50%-ից բարձր է եղել։

2023 թվականին գրանցվել է 0.6 % գնանկում։ Առաջին հայացքից այն կարող է դրական թվալ, բայց այդպես չէ, որովհետև գնանկման ժամանակ մարդիկ շահագրգռված չեն ծախսել, քանի որ այդ դեպքում սպասումներ է առաջանում, մտածում են, որ իրենց ունեցած գումարով վաղն ավելի շատ ապրանք կարող են գնել և չեն ծախսում։ Այդ պատճառով էլ բոլորը սկսում են խնայել, քիչ ծախսել, իսկ այն տնտեսության համար վատ է։

Գանճը խրախուսում է ծախսը, քանի որ մարդիկ գիտեն, որ այդ  պահին իր ունեցած գումարը՝ օրինակ՝ 1000 դրամն ավելի շատ արժի, քան վաղը, դրա համար էլ շահագրգռված է այդ պահին ծախսել գումարը, այն դնել բիզնեսի մեջ և եկամուտներ տալ։

Այստեղ խնդիրն այն չէ, որ գնաճը պետք չէ, այլ այն, որ աշխատողների աշխատավարձը պետք է համապատասխանի գնաճին։ Եթե համեմատենք գնաճի ցուցանիշների հետ, ապա կտեսնենք, որ 2021-22թթ. վերջին  մեր միջին ընտանիքն ավելի քիչ եկամուտ է ստացել, քան մինչգնաճային  2020 թվականը։ Որովհետև 2021-22 թվականներին բավականին մեծ գնաճ է տեղի ունեցել, այն կերել է գումարային կոմուլիատիվ 20%-ը և չեզոքացրել է քաղաքացու աշխատավարձի 20 %-ը։ Այսինքը 2020 թվականին նույն աշխատավարձով 20%-ով ավել ապրանք կարող էին գնել։

Վերջին երկու տարիներին տեղի են ունեցել, որոշակի աշխատավարձերի աճ, սակայն միջին ընտանիքների եկամուտների աճն այդքան մեծ չի եղել։ Կառավարությունն ասում է, որ վերջին 3 տարվա մեջ միջին աշխատավարձային ֆոնդն ավելացել է, ինչն ճիշտ է, բայց որոշակի ճշգրտումներ կան։ Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձն առաջին հերթին աճել է բանկային և ՏՏ ոլորտում։ Վերջինում միջին աշխատավարձը 1 մլն դրամից ավել է, բանկային ոլորտում՝ մոտ 650 հազար դրամ է։ Այս երկու հիմնական ոլորտներն են, որ ՀՀ-ում աշխատավարձերի աճն են ապահովել, որոնց հիման վրա էլ ընդհանուր աշխատավարձերն աճել են, իսկ միջին վիճակագրական ընտանիքի աշխատավարձն տարեցտարի աճում է մոտավորապես 4-5 %-ով, որն նույնն է ինչ տարեկան միջին գնաճը։ Նման ընտանիքն այնքան մեծ փոփոխություններ չի զգում։

Ամփոփելով ասեմ, որ գնաճն լավ է չափի մեջ, հատկապես զարգացող տնտեսությունների համար։ Մոտավորապես 4 % գնաճը խրախուսում է  ծախսը, տնտեսությունում փողերի շարժը։ Դրանից ավելը, որպես դոպինգ, բացասաբար է ազդում տնտեսության վրա։
Այստեղ առաջնայինը գնաճն չէ, այլ այն, որ ոչ թե ամենաշատ աշխատավարձ ստացողների՝ բանկային և ՏՏ ոլորտների աշխատողների աշխատավարձերն աճի մի քանի անգամ, այլ միջին վիճակագրական՝ մեդիա ընտանիքի աշխատավարձն ավելի շատ աճի, քան գնաճը»,- ասաց Թավադյանը։

Placeholder