Ցլերը քիչ էին, հիմա էլ արջի՞ն է հանում մեր դեմ. Արծվիկ Մինասյան
Քաղաքական
16:02 06/03/2024
Հայաստան

Ցլերը քիչ էին, հիմա էլ արջի՞ն է հանում մեր դեմ. Արծվիկ Մինասյան

«Ամեն ինչ էլ հնարավոր էր: Այս իշխանության բնույթն է այդպիսին, իրենք օտարի օրակարգով ապրող իշխանություններ են, սեփական աթոռը փահելու, վայելքներից  օգտվելու նպատակադրում ունեն, ուրիշ որևէ նպատակադրում չկա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանը որպես «բարի կամքի դրսևորում» Ադրբեջանին հանձնեց ադրբեջանցի զինծառայողին, որը զինված հատել էր Հայաստանի սահմանը և գերեվարվել:

Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանի խմբակն ամեն գնով փորձում է Հայաստանը դարձնել գործիք Ռուսաստան-Արևմուտք առճակատման հարցերի լուծման ուղղությամբ:

«Սա ամենավտանգավոր գործընթացն է: Չի կարելի արհեստականորեն ստեղծել մի իրավիճակ, երբ Ռուսաստանը Հայաստանին դիտարկի որպես թշնամի, կամ Իրանը Հայաստանին դիտարկի որպես ոչ վստահելի հարևան պետություն և այլն»,- նշեց ընդդիմադիր գործիչը։

Ա. Մինասյանի խոսքով, Հայաստանի իշխանությունը սկուտեղի վրա մատուցել է Հայաստանը որպես երկու կենտրոնների վեճի հարթակ, դաշտ:

«Սրանից պետք է դուրս գանք: Ինչո՞ւ ես արհեստականորեն տանում մի տեղ, որտեղ շանս չունես փրկվելու: Լինելով, օրինակ, շախմատիստ, մտնում ես բոքսի հրապարակ ու փորձում ես բոքս կպնել, այն էլ մերկ ձեռքերո՞վ: Իր լեզվով ասած, ցլերը քիչ էին, հիմա էլ արջի՞ն է հանում մեր դեմ, քիչ հետո էլ մի այլ կենդանի։ Լավ, այս կենդանական աշխարհից պետք է դուրս գա՞նք, թե՞ ոչ»,-ասաց Ա. Մինասյանը:

Placeholder
Ցլերը քիչ էին, հիմա էլ արջի՞ն է հանում մեր դեմ. Արծվիկ Մինասյան