ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս մարտի 8-ին ալկոհոլ չօգտագործել
Աշխարհում
10:46 08/03/2024
Աշխարհ

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս մարտի 8-ին ալկոհոլ չօգտագործել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվա տոնակատարության ժամանակ չօգտագործել ալկոհոլ՝ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգի պատճառով։ Այս մասին ասվում է կազմակերպության եվրոպական գրասենյակի հաղորդագրության մեջ։

«Շատերը կնշեն մարտի 8-ը՝ Կանանց միջազգային օրը, բարձրացնելով մեկ բաժակ ալկոհոլային խմիչք՝ չնկատելով այն փաստը, որ ալկոհոլի օգտագործումը հանդիսանում է կանանց շրջանում ամենատարածված քաղցկեղի՝ կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի հիմնական գործոնը», - ասվում է փաստաթղթում։

ԱՀԿ-ն կարծում է, որ ալկոհոլի և կրծքագեղձի քաղցկեղի միջև այս կապի մասին ցածր տեղեկացվածությունը հանդիսանում է հիվանդության կանխարգելման հիմնական խոչընդոտ և կանանց առողջության համար խնդիր:

«Ըստ վերջին ուսումնասիրության,  եվրոպական 14 երկրներում կանանց միայն 21 տոկոսն է տեղյակ ալկոհոլի օգտագործման և կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի միջև կապի մասին։ Իրազեկվածությունը տղամարդկանց մոտ նույնիսկ ավելի ցածր է եղել՝ հարցված տղամարդկանց միայն 10 տոկոսն է իմացել այս կապի մասին», - նշվում է հայտարարության մեջ։

Կազմակերպությունը բացատրում է, որ կրծքագեղձի քաղցկեղի դեպքում ալկոհոլի օգտագործումը ազդում է էստրոգենի մակարդակի վրա, որը կարևոր դեր է խաղում կրծքագեղձի քաղցկեղի բազմաթիվ տեսակների զարգացման և առաջընթացի գործում։ Ալկոհոլի ազդեցությունը այս հորմոնների մակարդակի վրա կարող է մասամբ բացատրել ռիսկի աճը:

«Կրծքագեղձի քաղցկեղը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի կանանց առողջության հիմնական խնդիրներից է, որտեղ 2022 թվականին գրանցվել է հիվանդության ավելի քան 600 000 դեպք: Եվրոպայի կանանց համար կրծքագեղձի քաղցկեղն ալկոհոլի հետևանքով առաջացած հիմնական քաղցկեղն է»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, նշված է հաղորդագրության մեջ։
 

Placeholder
ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս մարտի 8-ին ալկոհոլ չօգտագործել