Անալոգային տիեզերագնացներն արդեն Հայաստանում են
Կրթություն, գիտություն
14:24 09/03/2024
Հայաստան

Անալոգային տիեզերագնացներն արդեն Հայաստանում են

Անալոգային տիեզերագնացներն արդեն Հայաստանում են։ Երեկ երեկոյան առաքելության ծրագրի ղեկավարները դիմավորեցին առաքելության 6 անալոգային տիեզերագնացներին։ Այս մասին հայտնում է Armenian Space Forum ֆեյսբուքյան էջը։

Մեկ տարուց ավել տևած նախապատրաստական աշխատանքներից հետո մարտի 12-ին Հայաստանում տեղի կունենա «AMADEE-24» առաքելության ամենասպասված իրադարձությունը․ 6 անալոգ տիեզերագնացները կհագնեն սկաֆանդրները և մինչև ապրիլի 5-ը կմեկուսանան տիեզերակայանում, տարբեր մարսագնացների և ռոբոտատեխնիկայի միջոցով կանցկացնեն փորձեր՝ նախապատրաստվելով ապագա մարդկային և ռոբոտային Մարսի հետախուզական առաքելություններին:

Անալոգային ուսումնասիրությունները կանցկացվեն Արարատի մարզում՝ բարձր ժայռոտ սարահարթի վրա, որն ընտրվել է Կարմիր մոլորակի հետ երկրաբանական և տեղագրական նմանությամբ։  

AMADEE-ն «Ավստրիական տիեզերական ֆորում»-ի (OeWF) առաջատար հետազոտական ծրագիր է, որի նպատակը Երկրի վրա ստեղծված հատուկ պայմաններում տիեզերական այլ մարմինների վրա սարքավորումների, աշխատանքային պրոցեսների ու գիտական հետազոտությունների մշակումն է, ինչը դրվելու է դեպի Մարս գալիք առաքելությունների հիմքում:

2013թ-ին անալոգային առաքելությունն իրականացվել է Մարոկկոյում, 2015թ-ին՝ Ավստրիայում, 2018թ-ին՝ Օմանում և 2021թ-ին՝ Իսրայելի Նեգև անապատում: 2024 թվականի թեկնածու երկրների շարքում եղել են նաև Ավստրալիան, Եգիպտոսն ու Թունիսը. հյուրընկալող երկիր ընտրվել է Հայաստանը։

«AMADEE-24» առաքելությանը կմասնակցեն 250 գիտնական և՛ Հայաստանից, և՛ արտերկրից:

Առաքելության անալոգային տիեզերագնացների թռիչքային անձնակազմում ընդգրկված են ոլորտային առաջատար գիտնականներ՝ Ասվտրիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Նիդեռլանդներից, Իտալիայից, Իսրայելից և այլ երկրներից։
 

Placeholder
Անալոգային տիեզերագնացներն արդեն Հայաստանում են