«Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողին սպանած երիտասարդին գտել են Սիսիանում
Իրավունք
16:52 13/03/2024
Հայաստան

«Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողին սպանած երիտասարդին գտել են Սիսիանում

Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 18-ամյա ուսանողին սպանած  երիտասարդը հայտնաբերվել է Սիսիանում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից ու մանրամասնում, որ նա ձերբակալվել է։

Հիշեցնենք, որ մարտի 12-ին, ժամը 12.22-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Մամիկոնյանց փողոցից բուժօգնության է տեղափոխել դանակահարված, 2006 թ. ծնված Ռ. Հ.-ին, որը գիտակցության չգալով՝ մահացել է:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 12-ի ժամը 11.30-ին Ռ. Հ.-ն Մամիկոնյանց փողոցի քոլեջի մոտ վիճաբանել է 21-ամյա մի երիտասարդի և չպարզված մի խումբ անձանց հետ, ովքեր ոտքերով, ձեռքերով, մահակներով հարվածներ են հասցրել Ռ. Հ.-ի մարմնի տարբեր մասերին, այդ ընթացքում էլ 21-ամյա երիտասարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ էր հասցրել Ռ. Հ.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մահ:

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության, Արաբկիրի և Սիսիանի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 13-ի ժամը 12-ի սահմաններում 21-ամյա երիտասարդը Սիսիան քաղաքում հայտաբերվել և քննության ներկայացնելու նպատակով ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու և քննության ներկայացնելու ուղղությամբ:
 

Placeholder