Իսկանդարյան. Ինչ տեղի է ունենում մեր տարածաշրջանում, պետք է հասկանալ ՆԱՏՕ-Ռուսաստան դիմակայության համատեքստում
Քաղաքական
12:33 20/03/2024
Հայաստան

Իսկանդարյան. Ինչ տեղի է ունենում մեր տարածաշրջանում, պետք է հասկանալ ՆԱՏՕ-Ռուսաստան դիմակայության համատեքստում

«Չեմ կարծում, որ սա որևէ խնդիր կլուծի։ Բայց սա սոսկ արարողակարգային այց չէ։ Հարավային Կովկասը բավականին սպեցիֆիկ տարածաշրջան է. մենք գտնվում ենք Ռուսաստանի և Իրանի միջև և Մերձավոր Արևելքից ոչ այնքան հեռու»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝  անդրադառնալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցերին Ադրբեջան, Վրաստան և Հայաստան։

Նրա խոսքով, բնականաբար, ՆԱՏՕ-ին դա հետաքրքրում է, հատկապես ներկա ժամանակաշրջանում, երբ իրավիճակը բավականին բարդ է, տուրբուլենտ և ռիսկային։

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներ։ Հասկանալի է, որ ցանկացած եվրոպական կառույցի և հատկապես ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Բաքվի հետ քննարկելու բավականին շատ բան ունի, քանի որ նա անմիջականորեն աշխատում է ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ բանակի` թուրքականի հետ։

Հասկանալի է, որ Վրաստանի հետ նույնպես նման հարցեր քննարկելու անհրաժեշտություն կա, քանի որ վերջին շրջանում այնտեղ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք հանգեցնում են Թբիլիսիի և եվրոպական կառույցների միջև ավելի մեծ փոխգործակցության։

Հայաստանը երրորդ երկիրն է Հարավային Կովկասում։ Սխալ կլինի այցելել Բաքու և չայցելել Երևան։ Դրա համար էլ եղավ այց երեք երկրներ»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը։

Մեկնաբանելով Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո  Յենս Ստոլտենբերգի հետևյալ հայտարարությունը՝ «Ես ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ և բոլոր գործընկերներին կոչ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում», քաղաքագետն ասաց. «Տարօրինակ կլիներ ՆԱՏՕ-ի ներկայացուցչից նման հայտարարություն չակնկալելը։ ՆԱՏՕ-ն ուղղակի հակասության մեջ է Ռուսաստանի հետ։ Ընդհանրապես, այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր տարածաշրջանում, պետք է հասկանալ ՆԱՏՕ-Ռուսաստան դիմակայության համատեքստում»։

Մանրամասն՝ տեսանյությում։

Placeholder
Իսկանդարյան. Ինչ տեղի է ունենում մեր տարածաշրջանում, պետք է հասկանալ ՆԱՏՕ-Ռուսաստան դիմակայության համատեքստում