Հարցերի տեղատարափը բավականին նվազել է. Անահիտ Ավանեսյանը էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի մասին
Առողջություն
12:29 21/03/2024
Հայաստան

Հարցերի տեղատարափը բավականին նվազել է. Անահիտ Ավանեսյանը էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի մասին

«Հարցերի տեղատարափը բավականին նվազել է, և մենք այս շաբաթ նկատել ենք, որ շատ ավելի հանգիստ և առանց խնդիրների է գործում ամեն ինչ»,-կառավարության դիմաց տված ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով մարտի 1-ից գործարկված էլեկտրոնային դեղատոմս դուրս գրելու համակարգի առնչությամբ հնչած դժգոհություններին։

Նախարարը հայտարարեց, որ պետք է ժամանակ տալ, որպեսզի մարդիկ ընտելանան համակարգին:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե հաշվարկե՞լ են համակարգի ներդրման պատճառով դեղերի գների կբարձրացման հնարավորոյունը, Ավանեսյանը պատասխանեց. «Էլեկտրոնային դեղատոմս դուրս գրելու համար դեղատունը որևէ ծախս չի իրականացնում, այլ հակառակը՝ այն 8 դրամը, որ միջինում ծախսվում էր թուղթը տպելու վրա, այդ 8 դրամն էլ չի ծախսվում, այսինքն՝ մենք ունենք ծախսերի կրճատում, ոչ թե ավելացում»:

Անդրադառնալով դեղերի ստվերային վաճառքի հավանականությանը՝ Ավանեսյանն ասաց, որ այդ մասով ռիսկ չի տեսնում, իսկ ծանոթ դեղավաճառի միջոցով առանց էլեկտրոնային դեղատոմսի դեղ վաճառելն իրավախախտում է համարում:

Հարցերը կարող է և քչացել են, բայց խորհուրդներն են ավելացել։ Panorama.am կայքի խմբագիր Անահիտ Ոսկանյանը օրեր առաջ է գրել. ֆեյսբուքում՝ թեգով ուղիղ դիմելով.

«ՀՀ առողջապահության նախարարություն, Անահիտ Ավանեսյանին.

Սենց լավ չի, կանացի տակդիրները դարձրեք դեղատոմսով, տեսեք ոնց միանգամից կշահեք,
մանկականն էլ կարող եք,

գառշոկներն էլ,

ինչ եք ամաչում, մաս-մաս եք անում.

թափով, դուխով»։
 

Placeholder