Ընթացակարգերի խախտումով սահմանազատում/սահմանագծում իրականացնելն դավաճանական պահվածք է ժողովրդի նկատմամբ. Օհանյան
Քաղաքական
12:24 21/03/2024
Հայաստան

Ընթացակարգերի խախտումով սահմանազատում/սահմանագծում իրականացնելն դավաճանական պահվածք է ժողովրդի նկատմամբ. Օհանյան

«Առանց վերջնական համաձայնության և փոխադարձության սկզբունքի պահպանման, հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով, հատվածական սահմանազատման, հատկապես Տավուշի մարզից սկսելը, հանգեցնելու է ՀՀ ամենանախապատրաստված  առաջնագծի հնարավորությունների նվազեցմանը և այդ հատվածում հավելյալ վտանգներ են առաջանալու։

«Ռազմավարական  նշանակություն ունեցող այդ ճանապարհատվածի նկատմամբ վերահսկողությունը Ադրբեջանի կողմից բազմապատկելու է Հայաստանի անվտանգության սպառնալիքները։

Մտահոգության համար հիմք են հանդիսանում այն, որ սահմանազատում և սահմանագծում գործընթացի իրականացման համար նախապայմաններ չկան և այդ ընթացակարգերը խախտվում են, քանի որ չկա Ադրբեջանի հետո որևէ համաձայնագիր»,- ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։

Նա ընդգծեց, որ այս գործընթացն անօրինական է, ընթացակարգերի խախտում է, ինչը «հանցագործություն է, դավաճանական պահվածք է սեփական ժողովրդի նկատմամբ»։

«Այս գործընթացի մեջ ներառված մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն։  Կարծում եմ՝ Հայաստանում սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, նույն բանակում կան խելացի մարդիկ, որոնք այս անօրինական գործընթացից կարող են հրաժարվեն։ Ոչ թե պաշտպանությունից պետք է հրաժարվել, այլ անօրինական տրվող հրամաններից հետ կանգնել»,- ասաց Ս. Օհանյանը։

Placeholder
Ընթացակարգերի խախտումով սահմանազատում/սահմանագծում իրականացնելն դավաճանական պահվածք է ժողովրդի նկատմամբ. Օհանյան