Անի Եղիազարյանը դեռ չի որոշել՝ կվերադառնա Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնին, թե ոչ
Կրթություն, գիտություն
11:27 30/03/2024
Հայաստան

Անի Եղիազարյանը դեռ չի որոշել՝ կվերադառնա Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնին, թե ոչ

Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Անի Եղիազարյանը դեռ որոշում չունի՝  կվերադառնա կրկին նույն աշխատանքին, թե ոչ։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքացիական դատարանը, դատավոր Ազատ Դունամալյան, անվավեր է ճանաչել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի որոշումը, որով Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ազատվել էր աշխատանքից։

«Դեռ որոշակի գործընթացներ կան, վճիռը մեկ ամսվա ընթացք ունի, սպասենք՝ ինչ ընթացք կլինի, ըստ այդ կկարողանամ որոշում կաայացնել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Անի Եղիազարյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է ԿԳՄՍ նախարարությունը բողոքարկի դատարանի որոշումը, նա պատասխանեց. «Ամեն բան հնարավոր է, դրա համար որևէ բան չեմ կարող ասել»։

Ա. Եղիազարյանը նշեց, որ դատարանի որոշումից այնքանով է գոհ, որքանով փաստաբաններն ասում են՝ իրենց ներկայացված հայցը լիարժեք են բավարարել։

Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Ա. Եղիազարյանն իր ազատման պատառճի մասին ասել էր. «Եղել է Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցի շրջանակում տարեկան նախանշված ծրագիր արտասահմանյան ուղևորություն, որը նաև ունեցել է  հրավիրող կողմեր, ամբողջ ծախսային մասն իրենց կողմից է նախանշված եղել։ Դա եղել է նախարարության կողմից հաստատված տարեկան նախագծի շրջանակներում։ Բայց նախարարության որոշակի օղակների անգործության, անփութության, թե միտումնավորության, ես մինչև հիմա չեմ կարողանում դա հասկանալ, ինչու է այդպես եղել, գործընթացը պատշաճ իրենց կողմից չի կազմակերպվել, ես երկրից մեկնել եմ հարկադրված առանց իրենց փաստաթուղթը ստանալու»։

 

Placeholder