Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գագիկ Գինոսյանի սան Հարություն Ստեփանյանն անգամ խրամատում էր պարել սովորեցրել ընկերոջը
Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնում գործող «Կարին» ավանդական երգի-պարի խմբի պարասրահն այսուհետ կրում է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Հարություն Ստեփանյանի անունը։
Հարություն Ստեփանյանը 2003 թվականից «Կարին» համույթի անդամ է եղել և մինչև իր ֆիզիկական բացակայությունը եղել «Կարինի» կողքին։ Պրոֆեսիոնալ լուսանկարիչ Հարություն Ստեփանյանը ոչ միայն երկար տարիներ ծաղկեցրել է բեմը իր ներկայությամբ, այլ նաև լուսանկարել է՝ վավերացնելով «Կարինի» գործունեությունը։
2020 թվականի պատերազմի ժամանակ Հարություն Ստեփանյանը «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի կամավորների հետ մեկնել է Մարտակերտի շրջանի դիրքերը պաշտպանելու։ Պատերազմի 21-րդ օրը՝ հոկտեմբերի 19-ին, Տոնաշենում մարտական հերթապահության ժամանակ չորս զինակից ընկերների հետ զոհվում ինքնաթիռի ռմբահարումից:
«Հարություն Ստեփանյանի զոհվելուց հետո Գագիկ Գինոսյանը ուներ երազանք՝ այս սենյակը վերանորոգվի ու անվանակոչվի նրա անունով։ Այժմ արդեն Հարություն Ստեփանյանի անվան «Հայա» սրահ է։ Այս անվանումն էլ է Գագիկ Գինոսյանը որոշել, որ պետք է այս սրահը ոչ թե ուղղակի պարասրահ լինի, այլ հայ կերտելու սրահ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի դուստր Ծովինար Գինոսյանը։
Հարություն Ստեփանյանը հենց «Կարին»-ում է ծանոթացել իր ապագա կնոջ՝ Սուսաննայի հետ։ Նրանց հարսանիքի կնքահայրն էլ եղել է համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը։
Հարություն Ստեփանյանի կինը՝ Սուսաննա Ադամյանն ասաց՝ ցավալի է և հուզիչ, որ ամուսնու 50-ամյակը նշում են նրա բացակայությամբ, բայց ներքուստ ուրախ է, որ մարդիկ գնահատում են առաջին հերթին Հարութ-մարդուն։
«Ես ինքս էլ իմ առաջին պարային քայլերը սկսել եմ հենց այստեղից։ Հենց այս պարասրահում եմ ծանոթացել Հարութին։ Շատ թանկ է ինձ համար, առավել ևս հիմա, որ կրում է Հարութի անունը»,- ասաց տիկին Սուսաննան։
Հարություն Ստեփանյանի ընկեր Մեսրոպ Քամալյանը, ովքեր միասին են եղել մարտի դաշտում, մեզ հետ զրույցում հիշեց. «Հարութն անգամ խրամատում, իմանալով, որ պատերազմի ավարտից հետո մեր ընկերներից մեկը պատրաստվում է ամուսնանալ, պար է սովորեցրել նրան»։
Այսօր ժամը 18։30 «Առնո Բաբաջանյան» համերգային դահլիճի ճեմասրահում տեղի կունենա «Հավերժող ճախրանք» խորագրով Հարություն Ստեփանյանի ֆոտոցուցահանդեսի բացումը, որին էլ կհաջորդի համերգ՝ «Կարին» և «Ծովակ» ավանդական երգի-պարի համույթների ինչես նաև «Թափառական» պարի համույթի, մենակատար Արսեն Համբարյանի և Բյուրեղավանի մշակույթի դպրոցի սաների մասնակցությամբ։
Օրվա, ինչպես նաև սենյակի վերանորոգման մտահղացումը Գագիկ Գինոսյանինն է. նրա նվիրումը Արվեստագետին, Ընկերոջը, Զինակցին, Հային։
Մանրամասն՝ տեսանյութում։