Գագիկ Գինոսյանի սան Հարություն Ստեփանյանն անգամ խրամատում էր պարել սովորեցրել ընկերոջը
Մշակույթ
18:12 04/04/2024
Հայաստան

Գագիկ Գինոսյանի սան Հարություն Ստեփանյանն անգամ խրամատում էր պարել սովորեցրել ընկերոջը

Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնում գործող «Կարին» ավանդական երգի-պարի խմբի պարասրահն այսուհետ կրում է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Հարություն Ստեփանյանի անունը։

Հարություն Ստեփանյանը 2003 թվականից «Կարին» համույթի անդամ է եղել և մինչև իր ֆիզիկական բացակայությունը եղել «Կարինի» կողքին։ Պրոֆեսիոնալ լուսանկարիչ Հարություն Ստեփանյանը ոչ միայն  երկար տարիներ ծաղկեցրել է բեմը իր ներկայությամբ, այլ նաև լուսանկարել է՝ վավերացնելով «Կարինի» գործունեությունը։

2020 թվականի պատերազմի ժամանակ Հարություն Ստեփանյանը  «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի կամավորների հետ մեկնել է Մարտակերտի շրջանի դիրքերը պաշտպանելու։ Պատերազմի 21-րդ օրը՝ հոկտեմբերի 19-ին, Տոնաշենում մարտական հերթապահության ժամանակ չորս զինակից ընկերների հետ  զոհվում ինքնաթիռի ռմբահարումից:

«Հարություն Ստեփանյանի զոհվելուց հետո Գագիկ Գինոսյանը ուներ երազանք՝ այս սենյակը վերանորոգվի ու անվանակոչվի նրա անունով։ Այժմ արդեն Հարություն Ստեփանյանի անվան «Հայա» սրահ է։ Այս անվանումն էլ է Գագիկ Գինոսյանը որոշել, որ պետք է այս սրահը ոչ թե ուղղակի պարասրահ լինի, այլ հայ կերտելու սրահ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց  «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի դուստր Ծովինար Գինոսյանը։ 

Հարություն Ստեփանյանը հենց «Կարին»-ում է ծանոթացել իր ապագա կնոջ՝ Սուսաննայի հետ։ Նրանց հարսանիքի կնքահայրն էլ եղել է համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը։

Հարություն Ստեփանյանի կինը՝ Սուսաննա Ադամյանն ասաց՝ ցավալի է և հուզիչ, որ ամուսնու 50-ամյակը նշում են նրա բացակայությամբ, բայց ներքուստ ուրախ է, որ մարդիկ գնահատում են առաջին հերթին Հարութ-մարդուն։ 

«Ես ինքս էլ իմ առաջին պարային քայլերը սկսել եմ հենց այստեղից։ Հենց այս պարասրահում եմ ծանոթացել Հարութին։ Շատ թանկ է ինձ համար, առավել ևս հիմա, որ կրում է Հարութի անունը»,- ասաց տիկին Սուսաննան։ 

Հարություն Ստեփանյանի ընկեր Մեսրոպ Քամալյանը, ովքեր միասին են եղել մարտի դաշտում, մեզ հետ զրույցում հիշեց. «Հարութն անգամ խրամատում, իմանալով, որ պատերազմի ավարտից հետո մեր ընկերներից մեկը պատրաստվում է ամուսնանալ, պար է սովորեցրել նրան»։ 

Այսօր ժամը 18։30 «Առնո Բաբաջանյան» համերգային դահլիճի ճեմասրահում տեղի կունենա «Հավերժող ճախրանք» խորագրով Հարություն Ստեփանյանի ֆոտոցուցահանդեսի բացումը, որին էլ կհաջորդի համերգ՝ «Կարին» և «Ծովակ» ավանդական երգի-պարի համույթների ինչես նաև «Թափառական» պարի համույթի, մենակատար Արսեն Համբարյանի և Բյուրեղավանի մշակույթի դպրոցի սաների մասնակցությամբ։
Օրվա, ինչպես նաև սենյակի վերանորոգման մտահղացումը Գագիկ Գինոսյանինն է. նրա նվիրումը Արվեստագետին, Ընկերոջը, Զինակցին, Հային։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Placeholder
Գագիկ Գինոսյանի սան Հարություն Ստեփանյանն անգամ խրամատում էր պարել սովորեցրել ընկերոջը