Ժոզեպ Բոռել. Ուժեղ և կայուն Հայաստան՝ նշանակում է ավելի ուժեղ և կայուն Հարավային Կովկաս
Քաղաքական
16:27 05/04/2024
Աշխարհ

Ժոզեպ Բոռել. Ուժեղ և կայուն Հայաստան՝ նշանակում է ավելի ուժեղ և կայուն Հարավային Կովկաս

«Եվրամիությունը ցանկանում է Հայաստանի համար դրական օրակարգ մշակել և, Միացյալ Նահանգների հետ միավորելով ուժերը, ցույց տալ Հայաստանի ինքնիշխանության, ժողովրդավարության ու դիմակայունության հանդեպ ամուր նվիրվածությունը»-Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ ասուլիսում ասել է  ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը։

Ժոզեպ Բոռելը հիշեցրել է, որ երկու ամիս առաջ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ որոշել են աշխատել ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի վրա և ընդգծել է, որ նոր օրակարգը կապահովի հավակնոտ տեսլական՝ խթանելու երկկողմ համագործակցությունն այն ոլորտներում, որոնք կարևոր են Հայաստանի դիմակայունության, շարժունակության, առևտրի դիվերսիֆիկացիայի և կապի համար։

ՀՀ կառավարության հաղորդմամբ, Ժոզեպ Բոռելը հավաստիացրել է, որ սրանք միայն աջակցության խոսքեր չեն։ «Մենք ողջունում ենք Հայաստանի ջանքերը ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ։ Կարևոր կլինի շարունակել բարեփոխումները երկրի դիմակայունությունն էլ ավելի բարձրացնելու համար։ ԵՄ-ն կշարունակի աջակցել բարեփոխումների ջանքերին՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման միջոցով»,- նշել է ԵՄ բարձր ներկայացուցիչը:

Բոռելը շեշտել է, որ ուժեղ և կայուն Հայաստան՝ նշանակում է ավելի ուժեղ և կայուն Հարավային Կովկաս, և դա օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին։

 

 

Placeholder