Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Գոյ»-ի դերասանները չկարողացան մուտք գործել թատրոն, բայց ժամանակավորապես դադարեցնում են ակցիաները
«Գոյ» թատրոնի աշխատակիցները չկարողացան այսօր մուտք գործել թատրոնի շենք, թեև վարչական դատարանը վարույթ է ընդունել հայցն ընդդեմ ԿԳՄՍՆ-ի, ինչը ենթադրում է, որ իրավունքի ուժով ժամանակավորապես կասեցվում է կառավարության որոշումը, որով «Գոյ» թատրոնը միավորվում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։
«2,5 ժամ եղել է անիմաստ խոսակցություն, անընդհատ խոսել ենք նույն բանի մասին»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը՝ անդրադառնալով նախօրեին ԿԳՄՍ նախարարությունում ունեցած իրենց հանդիպման մասին։
Նա նշեց, որ նախարարության և «Գոյ» թատրոնի միջև բանակցություններին ձեռնամուխ է եղել Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, ով նույնպես ներկա է եղել երեկվա հանդիպմանը։ Հանդիպմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
«Գնում ենք նախարարության հետ բանակցությունների, բայց չենք վերցնում մեր գործերը դատարանից,- ասաց Ս. Արզումանյանը։
Փաստաբան Կարո Ասատրյանն ասաց, որ «Գոյ» թատրոնի անձնակազմի կողմից բոլոր ակցիաները ժամանակավոր դադարեցվում են։
«Հավատալով, որ այս հարցի լուծումը կարող ենք նաև արտադատական կարգով ստանալ, ազդակներ ունենք՝ նախարարության հետ սկսվել են բանակցություններ՝ միտված թատրոնի հետակա կարգավիճակը լուծելուն։ Այսինքն՝ դատական պրոցեսին զուգահեռ սկսվել են գործողություններ, և բանակցությունների չվնասելու հիմքով որոշել ենք ժամանակավորպես որոշակի ակցիաներ դադարեցնենք»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։
Մարտի վերջից փակվել է թատրոնի դուռը և դերասանները չեն կարողանում մուտք գործել և փորձեր անել։ Դրանից հետո «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը անժամկետ նստացույց էր հայտարարել։ Նախօրեին՝ նստացույցից 6-րդ օրը, նա ժամանակավոր դադարեցրեց այն՝ հայտնելով, որ ԿԳՄՍ նախարարությունից ունեն արձագանք, որ ցանկություն կա հանդիպելու, խոսելու, բանակցելու և այս ամենը կազմակերպելու։
«Գոյ»-ի պահանջն է՝ «Գոյ» թատրոնը լինի որպես անկախ թատրոն, այսինքն իրենց տարածքում ունենան ստեղծագործելու իրավունքն։