Մենք չենք ուզում վիճել Ռուսաստանի հետ. Փաշինյան
Քաղաքական
11:27 10/04/2024
Հայաստան

Մենք չենք ուզում վիճել Ռուսաստանի հետ. Փաշինյան

«Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, բայց որոնց կարևորությունը մեր պետականության, ինքնիշխանության, անվտանգության տնտեսության համար դժվար է  գերագնահատել»,- Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունների օրակարգային տարբեր հարցերի մասին վերջին տարիներին հաճախ է խոսել. «Այսօր ուզում եմ ընդգծել՝  ՌԴ հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չենք արել, չկա մի տեղ, որտեղ մեր գործընկերները մեզ կարող են մեղադրել մեր պարտավարությունները  չկատարելու մեջ։ Հակառակ դեպքերը, ցավոք բազմաթիվ են։ Բայց նաև ուզում եմ ընդգծել՝ մենք  չենք ուզում վիճել Ռուսաստանի հետ, ոչ միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունը և ուժը չունենք, այլ այն պատճառով, որ մենք գնահատում ենք այն ահռելի դրականը, որ եղել է և կա մեր հարաբերությունների մեջ։

Բայց նաև կարևոր է հասկանալ՝ թե ինչ և ինչու է տեղի ունենում մեր հարաբերություններում խորքային և հայեցակարգային իմաստով։ Իմ գնահատամբ՝ տեղի է ունենում նույնը՝ պատմական Հայաստան-ՌԴ հարաբերություններից անցում է կատարվում իրական Հայաստան-ՌԴ հարաբերությունների։

Դա երբեմն նույնքան ցավոտ է, որքան ցավոտ է մեր ներքին տրանսֆորմացիան պատմական Հայաստանից իրական Հայաստան, բայց դա տեղի է ունենում և  պետք է ամեն ինչ անել այս տրանֆորմացիան պոզիտիվ  պատմություններով հագեցնելու համար, և մենք ՌԴ հետ նման աշխատանքի պատրաստ ենք»։

Նա հայտարարեց, որ 2018 թ. մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր առաջին հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունը եղել են հետևյալը՝ հարաբերությունները հենվելու են միմյանց ինքնիշխանության, պետականության շահերի և հետաքրքրությունների հարգման վրա և ինքը պատրաստ է այսպիսի երկխոսության։ 

Placeholder
Մենք չենք ուզում վիճել Ռուսաստանի հետ. Փաշինյան