Իսրայելը կարող է հարվածել Իրանի Միջուկային օբյեկտներին
Քաղաքական
09:45 10/04/2024
Հայաստան

Իսրայելը կարող է հարվածել Իրանի Միջուկային օբյեկտներին

Իսրայելը Իրանի ցանկացած հարձակման կպատասխանի վերջինիս միջուկային օբյեկտներին հարվածով։ Այս մասին հայտնում է The Sun թերթը՝ հղում անելով արևմտյան ծառայությունների ներկայացուցչին։

Հրատարակությունը նշում է, որ Իրանն ունի մի քանի միջուկային օբյեկտներ, այդ թվում՝ էլեկտրակայաններ, ուրանի հանքեր և հետազոտական ռեակտորներ։ Դրանցից մեկի վրա հարձակումը կարող է նշանակել Մերձավոր Արևելքում հակամարտության աննախադեպ սրացում։

Սաուդյան Elaph News պարբերականը հղում է անելով արևմտյան անվտանգության ծառայությունների ներկայացուցչին, գրում է, որ Իսրայելը կարող է հարվածել Իրանի թիրախներին, այդ թվում՝ միջուկային օբյեկտներին, եթե Թեհրանը պատասխանի Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարվածին:

Elaph News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին օրերին Իսրայելն իր օդուժի հետ գաղտնի վարժանքներ է անցկացնում, մասնավորապես՝ տարբեր տեսակի կործանիչներով և հեռահար անօդաչու սարքերով։

Մինչ այս իսրայելցի զինվորականները հայտարարել էին, որ հարձակվել են սիրիական բանակի ենթակառուցվածքների վրա, քանի որ, ըստ նրանց, այն օգտագործել են լիբանանյան շիական «Հեզբոլլահ» խմբավորման զինյալները։

Ապրիլի 1-ին Իսրայելը ավիահարված է հասցրել Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը, ինչի արդյունքում շենքն ամբողջությամբ ավերվել է։ Ռուսաստանը կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել հարձակումը՝ ընդգծելով, որ հակառակ դեպքում հաջորդ անգամ կարող են հարձակվել այլ պետության դիվանագիտական գերատեսչության վրա։
 

Placeholder
Իսրայելը կարող է հարվածել Իրանի Միջուկային օբյեկտներին