Ողբերգական վթարից զոհված զինծառայողները
Հասարակություն
11:58 13/04/2024
Հայաստան

Ողբերգական վթարից զոհված զինծառայողները

Մեղրիի հատվածում ապրիլի 12–ին զինվորական  «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետևանքով զոհված ժամկետային Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանն Արտաշատից էր։

«Խորը ցավով հայտնում ենք, որ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի  վթարի հետևանքով  մահացել է Արտաշատ համայնքի բնակիչ  զինծառայող Ժոզեֆ  Ազոլյանը։

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ժոզեֆի ընտանիքի անդամներին, հարազատներին և կիսում ենք կորստյան  ծանր ցավը», - հայտնում են Արտաշատի համայնքապետարանից։

«Բլոգ նյուզի» խմբագիր Արամ Գևորգյանը գրում է, որ նույն վթարից զոհված Արեգ Քերոբյանը Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքից էր։ 1 տարի առաջ էր ծառայության մեկնել։ Մեկ քույր ու մեկ եղբայր ուներ։

«Ուրալ»-ի վթարի հետևանքով  զոհված 20–ամյա Դավիթ Հակոբյանը մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ: Նա Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում էր ծնվել, բայց վերջին տարիներին ընտանիքը Մեծամորում էր ապրում: 3 եղբայր ու 1 քույր ուներ:

Վթարի հետևանքով զոհված 20-ամյա ժամկետային Սլավիկ Վարդանյանը Վանաձորից էր։

NEWS.am-ին պատմել են, որ Սլավիկը իրենից մեծ մեկ քույր ուներ։

«Խեղճ, հասարակ ընտանիք էր։ Վարձով էին ապրում»,- պատմեցին մեզ։

Ներողություն ենք խնդրում Սլավիկ Վարդանյանի լուսանկարի բացակայության համար սոցցանցերում չկար։

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:

Վթարի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, վիրավորում է ստացել 20 զինծառայող։

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ձևավորվել է քննչական խումբ և իրականացվում է նախաքննություն ողբերգական ելքով դեպքի ամբողջական հանգամանքները, վթարի պատճառները պարզելու նպատակով։

Placeholder