Աբսուրդ է, որ չի ապահովագրվում խաղողը, երբ բնակչության մեծ մասը դրանով է ապրում. Արտակ Սարգսյան
Տնտեսություն
15:16 16/04/2024
Հայաստան

Աբսուրդ է, որ չի ապահովագրվում խաղողը, երբ բնակչության մեծ մասը դրանով է ապրում. Արտակ Սարգսյան

Կառավարության վերջին նիստում որոշում ընդունվեց, որով ապահովագրվեց դեղձը, սալորը, խնձորը, բալը, կեռասը, ձմերուկը, սեխը և կարտոֆիլը՝ կարկուտի ռիսկից, իսկ հացահատիկային մշակաբույսերը՝ ցորենը, գարին և վարսակը՝ երաշտի ռիսկից: Ապահովագրված պտուղ-մմշակաբույսերի ցանկից դուրս է թողնվել երկու հիմնական արտադրանք՝ ծիրանը և խաղողը, որոնք նախորդ տարի ընդգրկված էին ապահովագրվող մշակաբույսերի ցանկում։

Որոշման վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով Panorama.am-ը դիմեց Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանին։


Ա. Սարգսյան -Հայաստանի Հանրապետությունում առաջնային կերպով եթե պետք է ապահովագրվի, ապա այն խաղողն է, երկրորդը՝ պտուղը, քանի որ ի տարբերություն մյուս տարիների, մեզ մոտ բանջարեղենի, հացահատիկային կուլտուրաների ցանքատարածքները քչացել են, դրա դիմաց հիմնականում շատացել  է խաղողինը և պտղինը։

Հասկանո՞ւմ եք, թե աբսուրդն ինչումն է. այն, որն իրականում պահանջվում է ապահովագրում, քանի որ և՛ մեծ քանակ է, և՛ ազգաբնակչությունը դրա մեջ ավելի շատ է, դրանով է ապրում՝ այն չի արվում, իսկ դրա փոխարեն իմիտացիոն կարգով ապահովագրվում է հացահատիկը կամ մյուս բոստան-բանջարանոցային կուլտուրաները, որոնց էֆեկտիվությունն ավելի ցածր է, քան խաղողինը և պտղինը։ Ես չեմ գտնում, որ այն ճիշտ է, ավելի շուտ ի վնաս գյուղացուն և խաղողագործության է։

Panorama.am-Նախորդ տարի խաղողն ապահովագրված էր, խաղողագործները փոխհատուցում ստացա՞ն։

Ա. Սարգսյան -Նրանք ովքեր նախորդ տարի ապահովագրել էին և իրենց բերքը ցրտահարվել էր, կամ, Աստված մի արասցե, կարկտահարություն էր եղել ՝ փոխհատուցում ստացել են։


Panorama.am-Ինչպե՞ս կգնահատեք գյուղատնտեսության մեջ առաջատար ճյուղերից մեկի՝ խաղողագործության նկատմամբ պետության նման վերաբերմունքը։

Ա. Սարգսյան-Չեմ հասկանում այդ երևույթը, իրականության հետ չի համընկնում իրենց պետական քաղաքականությունը կամ կառավարության նիստի որոշումը։ Այսօր պետք է աջակցեն խաղողագործին, բայց բոլորիդ  աչքի առաջ տեսնում եք, որ խաղողագործությունը աջակցությունից դուսր է մնում։

Panorama.am- Այսօր ի՞նչ է պետք խաղողագործին։
 

Ա. Սարգսյան-Այդ ապահովագրությունը լիներ, ցածր տոկոսով սուբսիդավորված վարկեր տրամադրվեր, վերամշակող ձեռնարկությունները երկարաժամկետ պայմանագրեր կնքիեն՝ ֆիքսված գներով։ Ցանկալի կլիներ, որ նոր ռազմավարություն մշակվեր և պետության կողմից աջակցություն տրամադրվեր խաղողագործությանը, քանի որ խաղողը ինքնարժեքով, կամ դրանից ցածր գներով է մթերվում, որը տանում է խաղողագործության ոչնչացման։ Այ, դրա դեմը պետք է առնել։  

Placeholder