Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք և  7 միլիոն դրամ գրավ
Իրավունք
07:11 18/04/2024
Հայաստան

Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք և 7 միլիոն դրամ գրավ

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ,  ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի նկատմամբ որոշել է կիրառել տնային կալանք ու 7 միլիոն դրամ գրավ։  Այդ մասին  հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Տնային կալանք + խոշոր գրավ՝ դա միակ մի քիչ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ տարբերակն էր՝ Սամվելի հարաբերական ազատության համար պայքարելու։ Մենք անգամ 10 էինք առաջարկել։ Հիմա պիտի 3 օրվա մեջ այդ գումարը հայթհայթենք։ Չկա՛ր այլ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ տարբերակ այս պայմաններում։

Սամվելը տանն է։ 3 օրվա մեջ պիտի վճարենք, որ հետ չգնա»,- ֆեյսբույքյան գրառման մեկնաբանություններում քաղաքացիների արձագանքին, թե ինչու այդքան գրավ, գրել է Ռ.Մելիքյանը։

Հիշեցնենք, որ դատարանը երեկ մինչ  գիշեր  քննում էր Սամվելի  նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը։

Ապրիլի 15-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղայինում վիճաբանության էր եղել: Միջադեպի մասնակիցներից Սամվել Վարդանյանին նույն օրը ձերբակալել էր։ Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ քրեական վարույթն ի սկզբանե նախաձեռնված է եղել ՔՕ խուլիգանության հոդվածի 1-ին մասով, իսկ հետո այն խստացվել է քաղաքական հիմքով թշնամանք, անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում 1-4 տարի ժամկետով:

Հիշեցնենք նաև, որ  Ս.Վարդանյանի փաստաբանները հայտնել էին՝ Սամվելին ձերբակալվածների պահման վայր  տեղափոխող ոստիկանները, բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ, դուրս են եկել մեքենայից, որից հետո դիմակավորված անձինք բացել են մեքենայի դուռը, որտեղ եղել է ձեռնաշղթայված Վարդանյանը, դուրս են հանել նրան ավտոմեքենայից ու բռնության ենթարկել՝ նվաստացնելով արժանապատվությունը։

 

Placeholder
Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք և 7 միլիոն դրամ գրավ