Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արևմուտքը Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ
Հավաքական Արևմուտքի երկրները Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։ Տեղեկությունը նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ՝ «Հարավային Կովկասում ռուսական շահերի առաջխաղացման մասին» նախարարության կոլեգիայի նիստի արդյունքներով։ Նիստը տեղի է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ:
«Շեշտվել է, որ Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու համար հավաքական Արևմուտքն Ուկրաինայից հետո ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ մասերում` ներառյալ Հարավային Կովկասը, խաթարել դաշնակցային և գործընկերային հարաբերությունները, որոնք կապում են Ռուսաստանը տարածաշրջանի երկրների հետ, ոչնչացնել հավաքական անվտանգության և տնտեսական գործընկերության գործող մեխանիզմները»,-sputniknews.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:
Նշվում է, որ Ռուսաստանը ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով:
ԱԳՆ-ն նաև ընդգծել է, որ Ռուսաստանը կզարգացնի փոխադարձ հարգանքի վրա հիմնված փոխշահավետ համագործակցությունը տարածաշրջանի բոլոր պետությունների հետ, որոնց հետ ՌԴ-ին միավորում են ընդհանուր բազմադարյա պատմությունը, աշխարհագրական դիրքը և մարդկային սերտ շփումները:
Հաղորդագրության մեջ նաև ճանաչվում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացման ուղղությամբ ջանքերի շարունակման անհրաժեշտությունը, ներառյալ Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն ու հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան:
«Քննարկվել են տարածաշրջանի կապվածության և ինքնաբավության ամրապնդման խնդիրները՝ ի շահ դրա առջև ծառացած խնդիրների լուծման, առաջին հերթին հենց տարածաշրջանների ուժերի կողմից՝ առանց արտաքին միջամտության»,- նշված է տեքստում:
Այս համատեքստում ընդգծվում է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան գումարած Իրան, Ռուսաստան, Թուրքիա) ներուժի օգտագործման հատուկ նշանակությունը: Այդ ուղղությամբ գործնական քայլեր են նախանշվել։