Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
Քաղաքական
12:00 24/04/2024
Հայաստան

Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ վերջին օրերին ակտիվորեն մասնակցում է Տավուշից Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ, այժմ գտնվում է Նոյեմբերյանի հվանդանոցում։

Panorama.am-ի հետ զրույցում նա հայտնեց, որ գիշերը Նոյեմբերյանում հարձակման է ենթարկվել ոստիկանների կողմից, ունի սալջարդեր, կապտուկներ, գլխուղեղի ցնցում և այլն։

«Երևանից գալիս էի, ասեցի, եղբորս ու տղուս վերցնեմ, Բագրատաշենի խաչմերուկ են ասում, էդ հատվածում հարձակվեցին վրես։ Հիմա ավելի լավ եմ զգում, գլխացավերը թեթև են»,-ասաց նա։

Ի դեպ, երեկ քննչական կոմիտե հրավիրված Մախսուդյանը հրաժարվել է ցուցմունք տալ։

«Մեկ ու կես տարի անցել է Ազատ գյուղի կացարանում բռնկված հրդեհից, նոր որոշել են, որ որպես վկա՝ ինձ պետք է հրավիրեն քննության։ Ամենայն հարգանքով մահացած զինվորների ծնողների ու հարազատների նկատմամբ, ասել եմ՝ հրաժարվում եմ ցուցմունք տալ այս պահին»,-ասաց դեպքի ժամանակ 2-րդ բանակային կորպուսի շտաբի ղեկավար եղած Մախսուդյանը։

Նա նշեց, որ մինչ այդ որևէ անգամ այս գործով ինքը հարցաքննության չի կանչվել, մինչդեռ վերջին օրերի ընթացքում երեք տարբեր գործերով իրավապահ մարմին է կանչվում։

Քիչ առաջ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջը հրապարակել է Մախսուդյանի ու Բաղանիսի նախկին ղեկավար Նարեկ Սահակյանի լուսանկարն ու կից գրել. «Ողջու՜յն հիվանդանոցից. Պայքարը շարունակվում է»։
 

Placeholder
Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում