Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սահմանազատում չէ։ Սա ուզում եմ հստակ ընդգծել»-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը։
Նա նշեց, որ սահմանազատմանը վերաբերող, այդ հարցերով զբաղվող, սահմանի անվտանգությանը վերաբերվող հանձնաժողովը, որը ստեղծված է, գործում է, որևէ իրավասություն չունի նման հարցեր քննարկելու։
«Այդ հանձնաժողովը ստեղծվել է կառավարության ղեկավարի անհատական բնույթ ունեցող իրավական ակտով, որտեղ միայն ֆիքսված է, որ ստեղծվում է այսպիսի հանձնաժողով, հաստատված է անհատական կազմ ու վերջ։ Չկա հանձնաժողովի իրավասությունը՝ ի՞նչ կարող է անել, ի՞նչ որոշումներ է կայացնում, ինչպե՞ս է այդ որոշումները կայացնում, ի՞նչ հարցեր է քննարկում։ Սա նշանակում է, որ այդ հանձնաժողովը պարզապես այս հարցերում չունի որևէ իրավասություն, որովհետև անհայտ էլ է, թե ինչ կարող է քննարկել։
Կարծում եմ՝ սա բացառապես քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ, որոնք փորձ է արվում կոծկել՝ իրավական շղարշ ապահովելով։
Դրանից բացի, այն, որ այս գործընթացը սահմանազատման հետ որևէ առնչություն չունի, սկզբունքային առումով է հակասում սահմանազատման գաղափարին, կոնցեպցիային, հիմնավորվում է նաև նրանով, որ այս ամենի ադյունքում կոպտորեն ոտնահարվելու են մեր քաղաքացիների իրավունքները, սահմանային բնակիչների իրավունքները, առաջանալու են մեր ժողովրդի անվտանգությանը վերաբերող խնդիրներ»,- ասաց Ա. Թաթոյանը։
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը նաև ընդգծեց, որ այսօր տեղի ունեցող գործընթացը, իհարկե, չի կարող որևէ առնչություն ունենալ խաղաղության գործընթացի հետ. «Պարզապես քաղաքական շահերով ղեկավարվելով է իշխանությունն անընդհատ սա ներկայացնում խաղաղության համատեքստում։
Ցանկացած պրոցես, որը կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքները, արժանապատվությունը, ավելին՝ այդ պրոցեսի արդյունքում որևէ հատուցում էլ չի լինում մարդկանց և շարունակաբար խնդիրներ են առաջանալու, իմ կարծիքով, դա չի կարող տանել խաղաղ գործընթացի։ Խաղաղության կարող է տանել, եթե մենք ունենք մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանություն, հաշվի են առված բոլոր խնդիրները, անվտանգության հարցերը լուծված են»։
Հարցազրույցն՝ ամբողջությամբ։