Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Իրավունք
08:53 27/04/2024

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ

Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են ստացել և բժշկական կենտրոն տեղափոխվել ոստիկանության երկու ծառայողներ: «Արմենպրես»-ին  ՀՀ ՆԳ նախարարությունից հայտնել են, որ, ըստ նախնական տվյալների, ծառայողները վնասվածքները ստացել են քաղաքացիների կողմից քարերով և փայտերով հարվածելու հետևանքով:

Վնասվածքներ ստացած ոստիկանների կյանքին վտանգ չի սպառնում:

«Արմենպրեսի» հաղորդմամբ, Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է տարածվող լուրերը, թե ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ է կիրառել ճանապարհը փակած բնակիչների դեմ։

«Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել»,- ասել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Ավելի վաղ Ազգային ճակատ թելագրամ ալիքը հայտնել էր. «Կիրանցի հատվածում լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման հետևանքով բժշկական կենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացիներ (4 կին, 1 տղամարդ) և 2 ոստիկան: Հետազոտություններից հետո բոլոր քաղաքացիները և ոստիկանները դուրս են գրվել բժշկական կենտրոնից»։ 

 

Placeholder