Մեր երեխաներին թունավորել ու նոր վառել են. Ազատ գյուղում հրդեհից  զոհված զինծառայողի պապիկ
Հասարակություն
10:51 01/05/2024
Հայաստան

Մեր երեխաներին թունավորել ու նոր վառել են. Ազատ գյուղում հրդեհից զոհված զինծառայողի պապիկ

Ազատի զինվորական կացարանի հրդեհի զոհերի հարազատները Հանրապետության հրապարակ բողոքի ակցիա են անում, նրանք պահանջում են՝ գործի օբյեկտիվ քննություն, քանի որ կասկածներ ունեն՝ «դատավորն էլ է ուղղորդված»։

«Ըստ իրենց ասածի՝ բենզինի պատճառով է հրդեհ եղել, բայց այդ վարկածը սուտ է, օրապահ զինվորը դատարանում հայտարարել է, որ բենզին չի եղել իրենց մոտ ու մինչև հիմա Փաշինյանի ասածով՝ հենց բենզինով հրդեհի վարկածն են առաջ տանում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Զինվորական կացարանի հրդեհից մահացած Արամ Մանուկյանի պապիկը՝ Արտյոմ Գրիգորյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ դատավարության ընթացքում մեղադրյալ կապիտանը նկարագրելով դեպքը հայտարարել է, որ իր ձեռքին եղել է բենզին։

«Մենք այդ վարկածին չենք հավատում։ Իր հետ գտնվող օրապահ զինվորն էլ ասում է՝ բենզին չի տեսել կապիտանի մոտ։ Ճնշումների տակ է կապիտանը հայտարարել։

Փաստ է, որ մեր երեխաներին թունավորել են ու նոր վառել են։ Նրանք ի վիճակի չեն եղել դուրս գալ, այլապես ինչպես է եղել, որ 15 հոգուց գոնե երկուսը չեն կարողացել փախնել։ 
Ես կասկածում եմ, որ երեխաներին ինչ-որ բանի դիմաց ժերտվա տվեցին, ոնց որ հիմա Տավուշի հողերն են տալիս ժերտվա»։

Ա.Գրիգորյանը պատմեց, որ դեպքից մեկ ամիս առաջ այց փաստորեն տղաները մեկ կմ հեռու  թուրքի զինվորին բռնել են, հանձնել են իրենց մեծերին: 

«Ինչքանով է ճիշտ, ինչքանով սխալ, մենք պետք է պարզենք, մինչև հրդեհը  տեռորիստներ են եղել գյուղում, տան մեջ են եղել, թուրքի փող են դրել տան սեղանի վրա, գնացել են։ Ուրեմն ամեն ինչ հնարավոր է՝ կամ բարձրաստիճան սպաների մատներն են խառը, որ նման բան են արել երեխաներին, կամ էլ թուրքը եկել է, տեռոր արել, իրենք չեն ուզում ասել»,- ասաց զոհվածի հարազատը։

Նրա կարծիքով, Նիկոլ Փաշինյանն էլ չի կարող հիմա ոչ մի հարց լուծի. «Ուղղակի մենք գնալու ենք մինչև վերջ: Մենք երկու անգամ եղել ենք Նիկոլի մոտ: Առաջին հանդիպմանը մենք 23 հարց տվեցինք, որից երեքին պատասխանեց: Արգիշտի Քյարամյանը այնտեղ էր, ասաց՝ ուսումնասիրեք, որ մեկ ամիս հետո ես ծնողներին ընդունեմ ու ասեմ՝ ինչ է եղել: Մեկ ամիս հետո գնացինք, էլի ոչինչ չասաց»,-ասաց զոհված զինծառայողի պապիկը՝ ավելացնելով, որ եթե արդյունքի չհասնեն, կդիմեն միջազգային դատարան:

Հիշեցնենք, որ 2023 թ. հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։

Placeholder
Մեր երեխաներին թունավորել ու նոր վառել են. Ազատ գյուղում հրդեհից զոհված զինծառայողի պապիկ