Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իշխանությունները սարսափած են գործընթացից, հակառակ պարագայում ո՞րն է նպատակը մեկ քաղաքացու համար բերել 50 ոստիկան. Սուրեն Պետրոսյան
Տավուշի մարզի Կիրանց գյուղի մուտքերն ու ելքերը դեռ փակ են, հսկում են ոստիկանական ուժերը։ Միայն գյուղի բնակիչներն են կարողանում ելումուտ անել։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, ով Կիրանց է մեկնում։
«Հայաստանի բոլոր վայրերից ոստիկաններին բերել են այստեղ»,- նշեց նա։
Ս.Պետրոսյանի խոսքով, որևէ մեկը չի կարող ասել՝ արդյոք այնտեղ հիմա ականզերծման աշխատանքներ են կատարվում։
«Բայց, բնականաբար, այս ամենն արվում է, որպեսզի այդ աշխատանքները շարունակեն։ Իմ համոզմամբ, արվում են»,- նշեց քաղաքագետը։
Հարցին՝ ի՞նչ մտավախություն ունեն, ինչո՞ւ երեկ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, պատգամավորների մուտքը Կիրանց արգելվեց, Սուրեն Պետրոսյանը պատասխանեց. «Ոչ թե ինչ-որ մեկը մտնելու էր ու խանգարել ականազերծման աշխատանքներին, իրենք սարսափած են գործընթացից, ամեն ինչից, բոլորից։ Հակառակ պարագայում ո՞րն է նպատակը մեկ քաղաքացու համար բերել 50 ոստիկան։ Իրենք սարսափած են։ Իրենց թվում է, թե կարող են մեկ օջախում խեղդել գործընթացը, բայց արդեն ամեն ինչ համար շատ ուշ է։
Այն գործընթացը, որը տեղի է ունենում, ժողովրդի պայքարը հաստատ հաջողության հասնելու է, մեր պայքարը հասնելու է հաջողության։ Կիրանցիները մարտական են տրամադրված»։
Ս.Պետրոսյանն ասաց, որ շուտով իրենք կասեն իրենց հետագա քայլերի մասին՝ ինչ է լինելու, ինչին են գնում։
Հիշեցնենք, որ երեկ առավոտից ոստիկանական ուժերը փակել են Կիրանց գյուղի մուտքերը։ Ելումուտ կարողանում են անել միայն հենց Կիրանցի բնակիչներն անձնագրերով։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին կայացել է պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպում, որի ընթացքում, ԱԳՆ հաղորդմամբ, նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը:
ՀՀ կառավարությունից պարզաբանել են, որ «երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, և հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն և արտահայտվեն նաև գետնի վրա, ու սա կլինի աննախադեպ իրադարձություն. առաջին անգամ մեր երկրների միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման»:
Այս հայտարարությունից հետո Տավուշի մարզի բնակիչները, որոնց միացել են Հայաստանի տարբեր շրջաններցի քաղաքացիներ, փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ պահանջելվ չեղարկել միակողմանի զիջումները։ Շատ փորձագետներ պնդում են՝ չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում։